հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«ՀայաՔվե»-ն վճռական է բոլոր օրինական միջոցներով շարունակելու պայքարը` հանուն Սուրբ Էջմիածնի. հայտարարություն

«ՀայաՔվե»-ն վճռական է բոլոր օրինական միջոցներով շարունակելու պայքարը` հանուն Սուրբ Էջմիածնի. հայտարարություն

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Դրանով Նիկոլ Փաշինյանը և նրա կամակատարը դարձած բարձրաստիճան հոգևորականները փաստացի հայտարարում են, որ անթույլատրելի և հակասահմանադրական եղանակով միջամտելու են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին:

Տիրադավ եպիսկոպոսները, իրենց ստորագրությունները դնելով վարչախմբի պարագլխի ստորագրությունից հետո, գործընթացին բացահայտ քաղաքական և հակասահմանադրական երանգ են տալիս` այդպիսով դեմ դուրս գալով իրենց իսկ ստանձնած «եկեղեցին ապաքաղաքականացնելու» կեղծ հանձնառությանը:

Առավել դատապարտելի է վարչախմբի պարագլխի սադրիչ քայլը` Սուրբ Ծննդյան օրով կեղծ «ուխտերթ» կազմակերպելու և մարդկանց իրար դեմ հանելու` մեր ժողովրդին կրկին պառակտելու նպատակով:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, մշտապես կանգնած լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր Աթոռի պաշտպանության առաջին շարքերում, վճռական է բոլոր օրինական միջոցներով շարունակելու պայքարը` հանուն Սուրբ Էջմիածնի և մեր հավատացյալ քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման, ինչպես նաև հայտարարել է հունվարի 6-ին, ժամը 13.30-ին բոլորին ուխտերթի հրավիրելու մասին:

  • Կիսվել: