շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հավատում եմ, որ եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին և ծածանվելու է Շուշիում ու Հադրութում. Բագրատ Սրբազան

Հավատում եմ, որ եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին և ծածանվելու է Շուշիում ու Հադրութում. Բագրատ Սրբազան

Ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր կյանքի ամենաորոշակի երևույթն անորոշությունն է, երբ դրսից մեզ հետ խոսում են սպառնալիքի և ծաղրի լեզվով, իսկ ներսից տագնապի, հուսահատության և վախի լեզվով, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու և ամենուր, առանց թշնամության և ատելության, առանց գաղափարական և քաղաքական տարբերությունների, առանց վախի, կասկածի, առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը, խեղճին և թշվառին հատուկ օգնությունը, այլ գործենք որպես մոռացված ազգ, ինչպես դիպուկ բնորոշել են մեզ Ցեղասպանության օրերին և դրանից հետո. մեր հույսը մեր Աստծո, մեր սեփական ներուժի և մեր բազկի վրա, ոչ թե մուրացիկ հարաբերությամբ աշխարհի հետ, այլ սեփական օրակարգով, արժանապատիվ կեցվածքով», - հայտարարեց սրբազանը։

Նա նշեց, թե պետք է հրաժարվել ոչ թե բարեկամներ ունենալուց, այլ պետք է հրաժարվել հույսը միայն բարեկամների վրա դնելուց։

Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե որքան էլ խոցված, բայց Արցախն իրավունք ունի իրավունք ունենալու, որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգել։

«Այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում։ Հավատում եմ, որ հայոց  եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներում»։

«Ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, իրական Հայաստանը հաղթելու է կեղծ և ֆեյսբուքյան Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը հաղթելու են ատելությանը և թշնամանքին, և եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին», - հայտարարեց Բագրատ Սրբազանը։

  • Կիսվել: