ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հասարակությունը մինչև հեղափոխությունը բաժանված էր, և մենք ամեն ինչ անում ենք, որ այդ բաժանարար գծերը վերանան. պատգամավոր

Հասարակությունը մինչև հեղափոխությունը բաժանված էր, և մենք ամեն ինչ անում ենք, որ այդ բաժանարար գծերը վերանան. պատգամավոր

Սև ու սպիտակը հաջող արտահայտություն չէ, բայց 2018 թվականի հեղափոխությունից առաջ արդեն հասարակությունը բաժանվել էր արտոնյալների և իրավազուրկների: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Դուք գիտեիք՝ Սյունիքում ով է ամեն ինչ որոշում, Մալաթիայում ով է ամեն ինչ որոշում, կամ ում թիկնազորի պետը կարող էր ամեն ինչ որոշել, արդեն բաժանված էր: Այսինքն, եթե հասարակությունը բաժանված չլիներ, հեղափոխություն չէր լինի»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ մենք պետք է բոլորս հասկանանք, որ եթե չհետևենք այն կարևոր սկզբունքին, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, մենք անընդհատ մեկս մյուսից դժգոհ ենք մնալու:

«Հասարակությունը մինչև հեղափոխությունը բաժանված էր, և մենք ամեն ինչ անում ենք, որ այդ բաժանարար գծերը վերանան, բայց բաժանողները նորից ուզում են բաժանել»,- ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև «վնգստացող դատավոր» արտահայտությանը:

«Ինչ վերաբերում է «վնգստացող դատավոր» արտահայտությանը, երեւի ինձնից լավ եք տեսնում, թե դատավորներն իրենց ինչպես են պահում: Մենք բազմաթիվ դատավորներ ունենք, որոնք իմ կարծիքով պետք է դատավոր չլինեն, որովհետեւ էդ մարդիկ սովոր չեն արդարադատություն իրականացնել, սովոր են պատվեր կատարել: Այսօր դատավորների մի զգալի մասը մնում է կամակատար նրանց ում շնորհիվ դարձել է դատավոր: Եթե այդ երեւույթը կա, այո, մարդը կարող է չասել «վնգստացող դատավոր», բայց չասելը չի նշանակում, որ այդպիսի դատավորներ չկան»,-հայտարարեց պատգամավորը»,-ասաց Խաչատրյանը:

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ իր հասցեին ևս վիրավորական արտահայտություններ արվել են, բայց ինքը բողոք չի ներկայացրել:

 

  • Կիսվել: