կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարցված երևանցիների 9,3 տոկոսը քվեարկելու է Տիգրան Ավինյանի օգտին, 3,7 տոկոսը` Հայկ Մարությանի

Հարցված երևանցիների 9,3 տոկոսը քվեարկելու է Տիգրան Ավինյանի օգտին, 3,7 տոկոսը` Հայկ Մարությանի

Երևանի ավագանու ընտրությունների արդար անցկացմանը չի հավատում հեռախոսային հարցմանը մասնակցած երևանցիների ավելի քան 50 տոկոսը։ Հարցման արդյունքները այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
 
Նրա խոսքով` հարցվածների միայն 16,1 տոկոսն է միանշանակ հավատում ընտրությունների արդար անցկացմանը, «ավելի շուտ այո» է պատասխանել 28,9 տոկոսը, «ավելի շուտ ոչ»` 19,9 տոկոսը, «միանշանակ ոչ»` 32,1 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 3,3 տոկոսը։ Ըստ Նավասարդյանի` սա ևս կասկածի մասին է խոսում։
 
«Եթե մենք բացասական տիրույթում պատասխանները գումարենք, կստացվի, որ շուրջ 52-55 տոկոսը չի վստահում արդար ընտրությունների անցկացմանը, ինչը կարևոր խնդիր է. կա թերահավատություն»,– ասաց Նավասարդյանը։
 
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ առաջադրված թեկնածուների շարքում միանշանակ ֆավորիտներ չկան։ Մեծամասնությունը` 33, 4 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցին, 11 տոկոսը նշել է, որ ոչ մեկի օգտին չի պատրաստվում քվեարկել, 19,2 տոկոսը որոշել է չմասնակցել քվեարկությանը, 5,7 տոկոսը հրաժարվել է պատասխանել։
 
Մնացած ձայները բաշխվել են տարբեր թեկնածուների միջև։ Ընդ որում` հետազոտությունն իրականացվել է հուլիսի 27–ից մինչև օգոստոսի 5-ը, այսինքն` հիմք է ընդունվել այն հանգամանքը, թե ովքեր են խոսել առհասարակ առաջադրվելու մտադրության մասին։
 
«Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված Տիգրան Ավինյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 9,3 տոկոսը, Հայկ Մարությանի օգտին` 3,7 տոկոսը, «Հայաստան» դաշինքի օգտին` 2,8 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված Մանե Թանդիլյանի օգտին` 2,2 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջադրած Դավիթ Խաժակյանի օգտին` 2 տոկոսը, ՀՀԿ–ի օգտին` 1,2 տոկոս, «Ուժը հայրենյաց» կուսակցության և Նատալյա Ռոտենբերգի համար պատրաստ է քվեարկել 0,7 տոկոսը, իսկ «Բարգավաճ Հայաստանի» օգտին` 0,1 տոկոսը։
 
Հարցումների ընթացքում նաև փորձել են հասկանալ, թե որոնք են մայրաքաղաքի առջև ծառացած հիմնական խնդիրները։ Առաջին տեղում քաղաքացիներն աղբահանության հարցն են մատնանշել` 33,4 տոկոս, հետո հասարակական տրանսպորտի խնդիրը` 29 տոկոս, բնապահպանական խնդիրները` 7 տոկոս, ճանապարհների վատ վիճակն ու խցանումները` 10,5 տոկոս (անցած տարի այս խնդիրը մատնանշել է հարցվածների 3,9 տոկոսը):
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 17-ին:

  • Կիսվել: