ՀԱՊԿ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու նպատակով․ Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում տեղի ունեցած նիստի ընթացքում մանրամասնորեն վերլուծել են ռազմաքաղաքական իրադրությունը աշխարհում՝ գնահատելով ինչպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այնպես էլ հարակից տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը:
Այդ մասին նիստից հետո հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ցավով արձանագրելով անվտանգության համաշխարհային համակարգում առաջացած ճգնաժամը:
Նշված հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի, մնում է նույնը՝ բոլոր տարաձայնություններն ու կոնֆլիկտները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: Կազմակերպությունը այդ կոչով դիմում է բոլոր ուժերին:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց գլխավոր քարտուղարը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀԱՊԿ անդամ երկրներում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով և պատրաստ է իր շահերի պաշտպանությանը:
Գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանին և նրա աշխատակազմին հյուրընկալության և նիստի անցկացման հրաշալի պայմաններ ստեղծելու համար: