ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանդարտվեք. Ալեն Սիմոնյանը՝ իր հետ բանավիճել ցանկացող հոգևորականներին

Հանդարտվեք. Ալեն Սիմոնյանը՝ իր հետ բանավիճել ցանկացող հոգևորականներին

Ազգային ժողովի բարձր ամբիոնից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում այն միտքն արտահայտեց, որ իրենց խնդիրը ոչ թե Հայ Եկեղեցու հետ է, այլ «որոշ հոգևորականների», որոնք, իր բնորոշմամբ, «թաթախված են կոռուպցիայի և քաղաքականության մեջ»: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Տեր Երվանդ քահանա Երանյանը:

Երանյանը նար նշել էր․ «Մեծարգո Ալեն Սիմոնյան, չե՞ք կարծում արդյոք, որ պետական բարձր պաշտոնյային ոչ հարիր ձևակերպումներն Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին, ով հանդիսանում է Հայ Եկեղեցու գլուխը, մեծապես հարված են նաև մեր Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու նրա հեղինակությանը: Դուք՝ իբրև ՀՀ քաղաքացի, կարող եք սիրել կամ չսիրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու որոշ հոգևորականների, սակայն որպես ՀՀ կարևորագույն պաշտոններից մեկը զբաղեցնող անձ, իբրև պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչ պարզապես իրավունք չունեք առանց որևէ հիմնավորման անհասցե մեղադրանքներ հնչեցնել որևէ հոգևորականի հասցեին: Եթե դուք իրապես գնահատում եք Հայ Եկեղեցու դերն ու նշանակությունը, ապա հորդորս է զերծ մնալ մեր եկեղեցականների հասցեին անհիմն հայտարարություններ անելուց ու մեղադրանքներ հնչեցնելուց, քանզի ձեր այդ քայլով վնասում եք Հայ Եկեղեցուն և բազմաթիվ հայորդիների նվիրական զգացմունքները»:

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն այսօր Ֆեյսբուքի էջում պատասխանել է գրառմանը.

«Երկու օր է՝ տարբեր հոգևորականներ կրկին իմ նկարներն են հրապարակում և բարձր արժեքներից խոսում, մեկ ու մեջ կարդում եմ, որոշ բաների համաձայն եմ, որոշ բաների՝ ոչ։

Բայց Աստված իրենց դատավոր։ Ես այդ հոգևորականների զգեստով մարդկանց, ովքեր չեն հանդարտվում և իրար հերթ չտալով՝ կրկին ուզում են վեր հանել նախկինում եղած գնահատականները և իմ հետ բանավեճ վերսկսել, մի բան կարող եմ ասել՝ հանդարտվեք։

Հ․Գ․ Որքան մեծ էիր, Վազգեն Ա կաթողիկոս, և որքան հաճախ ենք մենք քեզ հիշում ու կարոտում»,- գրել է ԱԺ փոխխոսնակը:

  • Կիսվել: