ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համաժողովրդական պայքարի միջոցով Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու համար կա երկու ճանապարհ. Սաղաթելյան

Համաժողովրդական պայքարի միջոցով Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու համար կա երկու ճանապարհ. Սաղաթելյան

ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ համաժողովրդական պայքարի միջոցով Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու համար կա երկու ճանապարհ՝ հրաժարականի կամ պաշտոնանկություն։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պայքարն այս երկու ուղղություններով պետք է լինի միմյանց լրացնող։ Եթե գնանք իմպիչմենտի ճանապարհով, պետք է բավարարենք օրենքով սահմանված այս երկու պահանջները՝ իրավական եւ քաղաքական հիմքեր ու վարչապետի թեկնածուի առաջադրում։

Նիկոլի հեռացման քաղաքական եւ իրավական հիմքերն ամբողջությամբ ձեւակերպված են, իսկ ինչ վերաբերում է վարչապետի միասնական թեկնածու առաջադրելուն, ապա մենք դա որոշելու ենք միասին այս հրապարակում՛՛։

Սաղաթելյանը նաեւ հավելեց, որ խորհրդարանով պաշտոնանկության գործընթացը կմեկնարկեն այն ժամանակ, երբ ունենան հաջողության հասնելու համար բավարար հիմքեր։

՛՛Այս երկու ճանապարհներն էլ մեզ համար ընդունելի են, բայց մենք կարող ենք հաջողության հասնել միայն լայն ճնշման եւ անհնազանդության միջոցով։ Հստակ եւ թիրախավորված գործողություններով մենք պետք է հասնենք այս չարիքի իշխանության հեռացմանը՛՛,-ասաց ՀՅԴ գործիչը:

Նրա դիտարկմամբ՝ փրկիչներ պետք է չէ փնտրել ոչ Հայաստանում, ոչ էլ Հայաստանից դուրս։ Սաղաթելյանի խոսքով՝ մեր երկրի ապագան յուրաքանչյուրիս ձեռքերում է։

՛՛Եթե մարտի ընթացքում ունենում ենք կորուստներ, ինչու ոչ՝ դասալիքներ, չի նշանակում, որ պետք է նահանջենք՛՛,-ասաց Սաղաթելյանը:

  • Կիսվել: