ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը, որն այլընտրանք չունի հետագա զարգացման տեսանկյունից. Ջանջուղազյան

Հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը, որն այլընտրանք չունի հետագա զարգացման տեսանկյունից. Ջանջուղազյան

Պետք է արձանագրել, որ մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ առումով պահպանել բյուջետային գործընթացի տրամաբանությունը, և չենք ունեցել գործնականում որևէ չիրականացրած աշխատանք, որը կապված կլիներ բյուջեի հետ: Սա չափազանց կարևոր է: Մակրոտնտեսական կայունությունը և կայուն միջավայրը՝ որպես զարգացման նախադրյալ, այլընտրանք չունեն որևէ իրավիճակում՝ լինի ցնցումային, շոկային թե բնականոն իրավիճակում՝ ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում նախագծվել և իրականացվել են թիրախային ու հասցեավորված հակաճգնաժամային միջոցառումներ, որոնք միշտ չէ, որ նախագծման և իրականացման փուլում միանշանակ են ընդունվել: Ջանջուղազյանի խոսքով՝ իրենց հաջողվել է ունեցած հնարավորություններն օգտագործել բավարար արդյունավետությամբ:

«2019 թվականը տնտեսական իմաստով գնահատվել է որպես վերելքի տարի, հետևաբար 2020 թ․ կանխատեսումների տրամաբանությունը դրա վրա էլ խարխսված է։ Այդ մասին են փաստում արձանագրված տնտեսական ցուցանիշները․ տնտեսական աճի 7․6 տոկոս իրական մակարդակ՝ աշխարհի 2,9 տոկոս աճի պայմաններում, պետական պարտքի՝ 50 տոկոս ՀՆԱ հարաբերակցությունից ցածր շեմ և այլն. թվարկումները կարելի է շարունակել»,- ասաց Ջանջուղազյանը:

Ըստ նրա՝ պետական բյուջեի պակասուրդը և Կառավարության պարտքը Հայաստանի համար չի ունեցել բացառիկ զարգացում. աշխարհի բոլոր երկրները գործնականում ունեցել են համանման իրավիճակ: «Զարգացող երկրների շարքին դասվող Հայաստանի համար նույն շարքում գտնվող երկրների հետ համադրելի զարգացումներ են եղել ինչպես պետբյուջեի, այնպես էլ Կառավարության պարտքի առումով»,- նշեց նա:

Անդրադառնալով աշխատաշուկային՝ Ջանջուղազյանը նշեց, որ միջին ամսական աշխատավարձը կազմել է 189.716 դրամ: Պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մակարդակներին եթե անդրադառնանք՝ համախառն ներքին արդյունքում, ապա 22.4 տոկոս են կազմել պետբյուջեի հարկային եկամուտները, ընթացիկ ծախսերը՝ 27 տոկոս, իսկ կապիտալ ծախսերը՝ շուրջ 3.7 տոկոս: 

«Համավարակով պայմանավորված ծախսերը կազմել են շուրջ 75.3 միլիարդ դրամ, ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը՝ շուրջ 124 միլիարդ դրամ: Հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը բարելավվել է 0.1 տոկոսային կետով»,- ասաց Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ծախսերի հիմնական ուղղությունը սոցիալական բնույթի է եղել, շուրջ 560 միլիարդ դրամ օգտագործվել է կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորման համար: Պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 968 միլիոն դոլար, որից 7 միլիարդ 509 միլիոն դոլարը Կառավարության պարտքն է, իսկ մնացածը՝ Կենտրոնական բանկինը: Ընդ որում՝ Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 5 միլիարդ 593 միլիոն դոլար, իսկ ներքին պարտքինը՝ 1 միլիարդ 915 միլիոն դոլար:

  • Կիսվել: