Գործարար աշխարհում անհանգստությունը մեծ է ՌԴ–ի հետ հարաբերությունների սրման հետ կապված. Ռոբերտ Քոչարյան
Պրոբլեմները լուրջ են, իրենք զգացել են, որ մարդիկ մտահոգված են ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ։ Այս մասին հերթական փոդքասթում նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ լավ են։
«Եթե կա մեր ժողովրդի մեջ ի մաս, որը որոշակի հիասթափություն ունի Ռուսաստանից, Արցախի կորուստի հետ կապված, ապա դա չի նշանակում, որ այդ զանգվածը ուրախ է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապերը խզի կամ թշնամանա։ Հեչ այդպես չի, և բոլորը հասկանում են, որ տնտեսապես մենք ուղղակի ունենք շատ մեծ կախվածություն և անհանգստությունը մարդկանց մեջ շատ է։ Իմ շփումները ցույց են տալիս, որ անհանգստությունը մեծ է նաև գործարար աշխարհում։
Մենք շատ ասիմետրիկ կախվածության մեջ ենք Ռուսաստանից, եթե տնտեսական կապերը խզվեն, Ռուսաստանում չեն էլ նկատելու, Ռուսաստանի տնտեսության մեջ Հայաստանի հետ արտաքին ապրանքաշրջանառությունը ընդամենը 0,7% է կազմում։ Իսկ Հայաստանի համար սա ուղղակի կոլապս է լինելու տնտեսական։ Մարդիկ բնազդով են դա զգում։
Գործարարները նաև կարող են այդ հաշվարկը անել և հասկանալ, թե ինչ կարգի կորուստներ են ունենալու։ Այդ կորուստը անմիջապես խփելու է բանկերին։ Մենք հայտնվելու ենք, հայտնվելու ենք տնտեսական մի փոսի մեջ, որից դուրս գալը պահանջելու է երկար-երկար տարիներ, առնվազն չորս-հինգ տարի։
Իշխանության խոսույթի փոփոխությունը գալիս է հետևյալից՝ չափագրումները արել են և հասկանում են, որ այս տրամադրությունները իրենց օգտին չեն, ուրեմն պետք է փորձեն ասել, որ ամեն ինչ լավ է»,–ասաց նա։
Քոչարյանը նկատեց, որ մի կողմից իշխանությունները Եվրոպայից խումբ է բերում, որը հիբրիդային պատերազմի չեզոքացմամբ է զբաղվում, մյուս կողմից հայտարարում են, որ ամեն ինչ լավ է. «Ի՞նչն էլ լավ, այս երկու հանգամանքը իրար հետ ո՞նց են համատեղվում։ Սա կեղծիքի, ստի, երեսպաշտության ինչ-որ մի ուրիշ մակարդակ է»։
Դիտարկմանը, որ «հիբրիդային հարձակումների դեմ պայքարի համար» ԵՄ–ից տրված գումարները գնացել են ՀԿ այն սեկտորին, որի ֆինանսավորումը կտրվել էր ԱՄՆ վարչակազմի որոշման հետևանքով, երկրորդ նախագահն ասաց. «Միգուցե այսպես ձևակերպենք, ֆինանսավորվել է Եվրոպայի կողմից հիբրիդային պատերազմի գործիքակազմը Հայաստանի դեմ»։


