շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Գնումների մասին» օրենքում փոփոխությունները միտված են չեզոքացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը. պատգամավոր

«Գնումների մասին» օրենքում փոփոխությունները միտված են չեզոքացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը. պատգամավոր

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

Համահեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագծով ցանկանում են էլ ավելի բարելավել գործող օրենքն ու չեզոքացնել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, որ կարող էին տեղի ունենալ այդ գործընթացի կառավարման, կատարման ընթացքում, նաև մեծացնել թափանցիկությունը և գործընթացի հանդեպ հանրային վստահությունը:

Պատգամավորը նշեց, որ գնումների գործընթացին մասնակցող, բայց պարտվող սուբյեկտների մոտ կարող են առաջանալ կասկածներ: Գնման գործընթացի ավարտից հետո չկա երաշխիք, որ մրցույթը հաղթած սուբյեկտը պատվիրատուին ապրանքը կմատուցի այն պայմաններով, որոնցով հաղթել է:

 

«Մենք առաջարկում ենք, որ ընդունման-հանձնման գործընթացին մասնակից դառնա նաև այն պարտվող մասնակիցը կամ մասնակիցները, որոնք, օրինակ, ավելի բարձր գին սահմանելու պատճառով չեն հաղթել: Իրենք կարող են գալ, բացել փաստաթուղթը և տեսնել, որ, օրինակ, պարամետրերով նախատեսված է հենց այս ջուրը: Եթե հենց այս ջուրն է մատակարարվում, ուրեմն ամեն ինչ նորմալ է, եթե ոչ՝ բնականաբար, արդեն սկսում է այն գործընթացը, որը մենք առաջարկում ենք օրենքով: Այսինքն՝ մենք հանրային վերահսկողության նոր մեխանիզմ ենք ստեղծում այս օրենքի նախագծով, մեծացնում ենք թափանցիկությունը պետական գնումների հանդեպ, հնարավորություն ենք տալիս փարատել բոլոր կասկածները, որոնք կարող են լինել գնումների հանդեպ՝ ամենաշահագրգիռ ու մասնագիտացված մարմինների միջոցով: Դրանք են՝ մրցակիցները, հասարակական կազմակերպութունները և ոլորտով հետաքրքրված, մասնագիտացված լրատվական միջոցները»,- նշեց Պապոյանը:

  • Կիսվել: