շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գնացեք հարցրեք Սերժ Սարգսյանին՝ Ապրիլյան պատերազմն ինչի՞ հաշվին կանգնեց, և ի՞նչ էր լինելու հետագայում, որ չեղավ. Սիմոնյան

Գնացեք հարցրեք Սերժ Սարգսյանին՝ Ապրիլյան պատերազմն ինչի՞ հաշվին կանգնեց, և ի՞նչ էր լինելու հետագայում, որ չեղավ. Սիմոնյան

ՀՀ իշխանություններն իրենց գործողություններով ապացուցել են, որ ավելի շատ բան են անում Արցախի համար, քան մեզ քննադատող նախկին որևէ իշխանություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ակնհայտ է, որ 30 տարվա ճանապարհ անցած մեր բանակը իր փորձությունը չկարողացավ անցնել, դրա հետ որևէ կապ չունեն ոչ հեղափոխությունը, ոչ իշխող կուսակցությունը՛՛։

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք բանակը չդիմակայե՞ց Ապրիլյան պատերազմի ժամանակ, Սիմոնյանը ասաց․ ՛՛Պետք է հասկանանք, թե ինչի դիմաց դիմացավ, դիմացավ այն բանի դիմաց, որ վերջին անգամ Սերժ Սարգսյանին շանս տրվեց հողերը առանց պատերազմի հանձնելու, դրանից հետո եղան հայտնի իրադարձություններ, որի մասին չեմ ուզում խոսել, որով փորձեցին էլի ժամանակ շահել։ Նույն Սերժ Սարգսյանը հարյուր անգամ այս ամբիոնից ասել է, որ փակուղի է, վերջացել է, դա անվանել հաղթանակ, երբ դու 100 զոհ ես տալիս, մի քանի ամիս ժամանակ ես շահում ու հարցը չես լուծում, ես չեմ համարում դա հաղթանակ՛՛

Ըստ ԱԺ նախագահի՝ պատերազմը սկսվել էր հենց 2016թ-ից։ ՛՛Փաշինյանը տեսավ, որ բանակցությունները փակուղում է և տարավ այն ուղղությամբ, որով հնարավոր էր, որ լուծում լիներ: Հակառակորդը տեսավ, որ Հայաստանը ժողովրդավարանում է, տնտեսապես ոտքի է կանգնում, հասկացավ, որ եթե հիմա այս պահը բաց թողնի, հիմա չհարձակվի, հետագայում ավելի դժվար է լինելու։ Գնացեք հարցրեք Սերժ Սարգսյանին, Ապրիլյան պաերազմը, որը Դուք հաղթանակ եք համարում այդ տղաների մահվան շնորհիվ, ինչի՞ հաշվին կանգնեց, և ի՞նչ էր լինելու հետագայում, որ չեղավ՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: