շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու մասին խոսք չկա․ Ղազախստանի արտգործնախարար

Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու մասին խոսք չկա․ Ղազախստանի արտգործնախարար

Հայ-ադրբեջանական սահմանին սրված իրավիճակով պայմանավորված` Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու մասին խոսք չկա։

Համաշխարհային եւ ավանդական կրոնների համագումարի շրջանակում լրագրողներին ասել է երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդին։

Նա նաեւ հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է հակամարտող կողմերի հետ կիսվել սահմանների սահմանազատման ու սահմանագծման իր փորձով։

«Հարցն (խաղաղապահներ ուղարկելու մասին) այդպես դրված չէ: Երեկ ՀԱՊԿ հավաքական անվտանգության արտահերթ խորհրդում Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղեկացրեց Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Ընդհանուր առմամբ, տեղեկատվությունն ընդունված է։ Իհարկե, մենք ուզում էինք օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, քանի որ երկու կողմից էլ տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի, ընդհանուր առմամբ, պետությունների ղեկավարները որոշում են կայացրել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի եւ տեղում ամբողջական պատկերացում ստանա, ապա տեղեկացնի պետությունների ղեկավարներին»,- ասել է Թլեուբերդին։

Միաժամանակ, նշել է նա, պետք է ելնել նրանից, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որեւէ խախտման մասին դժվար է խոսել»։ Արտգործնախարարի խոսքով՝ այսօր առաջնահերթ խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման համատեղ հանձնաժողովի աշխատանքի վերսկսումն է, եւ Ղազախստանը պատրաստ է կիսվել իր փորձով։

Նշենք, որ երեկ երեկոյան կայացել է ՀԱՊԿ խորհրդի նիստ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կապակցությամբ։ 

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար:

Նիստի ժամանակ առաջարկվել են քայլեր, որոնք կարող են օպերատիվ կերպով ձեռնարկվել, դրանց թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար, եւ ՀԱՊԿ Քարտուղարության ու Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար:

  • Կիսվել: