Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք չկա և չի կարող լինել. Ադրբեջանի նախագահի խորհրդական
Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք չկա և չի կարող լինել: Այս մասին այսօր, արձագանքելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հարցազրույցին, ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ պնդելով, որ Բաքուն փակված է համարում այդ հարցը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
՛՛Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքներն այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության, ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն՛՛,-նշել է նա:
Բացի այդ՝ Հաջիևը նաև ասել է, որ, լինելով միջազգային համայնքի ՛՛պատասխանատու անդամ՛՛, Ադրբեջանը ՛՛որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին՛՛: Ըստ Ադրբեջանի նախագահի խորհրդականի՝ դա կարվի բացառապես որպես ՛՛բարի կամքի դրսևորում և թափանցիկության օրինակ՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր. ՛՛Քննարկվել է միջազգային մեխանիզմի ստեղծումը, որ ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները՛՛: