ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը. Փաշինյան

Գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը. Փաշինյան

Այսօր առցանց ասուլիսի ժամանակ Ադրբեջանում պահվող գերիներից մեկի քույրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է Հին Թաղերից ու Խծաբերդից գերեվարվածների մասին, մասնավորապես` ՛՛ինչու էին նրանք հայտնվել այնտեղ, եթե այդ հողերը հանձնված էին՛՛:

Պատասխանելով այս հարցին՝ վարչապետն ասել է. ՛՛Խծաբերդի գերիների հարազատներն ինձ հետ տասնյակ անձնական հանդիպումների ժամանակ բարձրացրել են խնդիր` ասելով, որ ինչու են զինվորները հայտնվել այնտեղ, եթե այդ տարածքները հանձնված էին: Բազմիցս պարզաբանել եմ, որ այդ տարածքները հանձնված չեն եղել, և այդ տարածքները դե յուրե պիտի լինեին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և նրանց վերահսկողության ներքո, և եռակողմ հայտարարության հիման վրա զինված ուժերը մնացել են այն դիրքերում, որոնցում պետք է լինեին: Դուք հիշում եք՝ այն ժամանակ բազում քննարկումներ եղան, և խնդիրն այն է, որ այդ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի էր: Գերեվարման հանգամանքների հետ կապված կա հարուցված քրեական գործ: Եթե չեմ սխալվում՝ հրամանատարին մեղադրանք է ներկայացված՛՛:

Նա նաև նշել է, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը:

՛՛Սա նաև շեշտում եմ մեր ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, որովհետև այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավել տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում: Մենք առաջին հերթին, և՛ ՌԴ-ն, և՛ ողջ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր գերեվարված եղբայրների վերադարձն ապահովենք:

Մենք միջազգային հարթակներում և բոլոր աշխատանքային քննարկումներում շարունակում ենք այդ հարցը բարձրացնել: Այս հարցով մենք նաև դատական գործընթացներ ունենք միջազգային ատյաններում, հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան ՀՀ»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը շեշտել է նաև, որ Ադրբեջանը փորձում է հումանիտար հարցերը քաղաքականացնել:

Ինչ վերաբերում է գերիների թվին՝ նա ասաց. ՛՛Մենք տարբերակում ենք գերիների երկու խումբ` խումբ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունը և միջազգային կազմակերպությունները հաստատում են, որ այդ մարդիկ գտնվում են Ադրբեջանում: Այդպիսի անձանց թիվը 38 է: Մենք ունենք նաև երկրորդ ցուցակ, որը կազմել ենք հետևյալ տրամաբանությամբ` եթե որևէ վկայություն, տեղեկություն եղել է, որ նրանք գտնվում են գերության մեջ, այդ ցուցակում ընդգրկել ենք այդ անունները, որ հետագայում հաստատման ուղղությամբ միջոցներ ձեռնարկենք՛՛:

  • Կիսվել: