շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Գելլափ»-ը ներկայացրել է հետընտրական տվյալները

«Գելլափ»-ը ներկայացրել է հետընտրական տվյալները

«GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հետընտրական տվյալները

Հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո եղած հարցումների ընթացքում այն հարցին՝ արդյոք կարծո՞ւմ են, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են արդար և թափանցիկ և արտահայտում են ժողովրդի կամքը, հարցվածների 38,7 տոկոսը պատասխանել է՝ «միանաշանակ՝ այո», 20,1 տոկոսը՝ «ավելի շուտ՝ այո», 18,8 տոկոսը՝ «ավելի շուտ՝ ոչ», 17,9 տոկոսը՝ «միանշանակ՝ ոչ», հարցվածների 4,5 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։

«Տարբեր ցուցանիշներով մենք գրանցել ենք մոտիկ տվյալներ, բայց հանկարծակի իշխող ուժի կտրվածքով ունեցանք կտրուկ տարբերություն, մենք պատասխանատու ենք մեր հարցումների վերաբերյալ և չենք կարող պարզաբանել, թե ինչպես է իշխող ուժը արձանագրել այս բարձր ցուցանիշը։ Մենք չենք կարող 24-25 ցուցանիշում լինել քիչ թե շատ ճիշտ, և երկու անգամ սխալվել իշխող ուժի ցուցանիշի մեջ, բացատրության բեռը դրված չէ մեր կազմակերպության վրա»,-ասաց Նավասարդյանը։

Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժին են տվել իրենց ձայնը, հարցվածների 35,8 տոկոսը պատասխանել է՝ «Քաղաքացիական պայմանագիր», 24,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինք, 6,8 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինք, «Բարգավաճ Հայաստան»՝ 4,4 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 3,2 տոկոս, «Հայ ազգային կոնգրես»՝ 2,4 տոկոս, «Լուսավոր Հայաստան»՝ 2,1 տոկոս, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք՝ 1,6 տոկոս, Ազգային-ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն՝ 1,5 տոկոս, «5165» շարժում՝ 1,4 տոկոս, մյուս ուժերի օգտին, ըստ նշված հարցումների, քվեարկել են 1 տոկոսից քիչ հարցվածներ։

Քննարկումներին՝ թե «GALLUP»-ը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի պատվերով է «Հայաստան» դաշինքի բարձր ռեյտինգի վերաբերյալ տվյալներ հրապարակել նախընտրական շրջանում, Նավասարդյանն ասաց․

«Եթե այդ լոգիկան է, թե Ռոբերտ Քոչարյանը պատվիրել է, ապա մենք գործել ենք մշտապես այդպես, և Նիկոլ Փաշինյանի և իր թիմի գրանցած բարձր ցուցանիշները 2,5 տարվա ընթացքում եղել են նույն ձևաչափով»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: