շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու նոր միջնորդություն չի ներկայացվել. դատախազություն

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու նոր միջնորդություն չի ներկայացվել. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին լուրերին։

Նա, մասնավորապես, նշել է․

 

«Ուզում եմ պարզաբանել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան:

Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր վերաքննիչ դատարան և վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

 

Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները վարույթ չընդունելու մասին որոշում, այսինքն ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, որի հիմքով էլ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել:

Այս իմաստով ուղղակի անընդունելի են դեռևս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև բացարձակապես իրավական հարթությունում գտնվող գործընթացը քաղաքականացնելու և ինչ-որ քաղաքական հայտարարությունների լույսի ներքո ներկայացնելու մանիպուլյատիվ փորձերը»:

  • Կիսվել: