շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեզ ներսից թուլացնել փորձողները պետք է խստորեն պատժվեն. ՔՊ-ական պատգամավոր

Մեզ ներսից թուլացնել փորձողները պետք է խստորեն պատժվեն. ՔՊ-ական պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կարծիքով` ստեղծված իրավիճակում առաջնային անելիքը միասնականությունն ու համախմբումն է պետականության շուրջ։

«Ի՞նչ պետք է անենք մենք որպես պետություն և ազգ, երբ թշնամին փորձում է ճնշել, վախեցնել, գրավել։ Առաջնային անելիքը միասնականությունն ու համախմբումն է պետականության շուրջ, ինչը ենթադրում է ներքին տարաձայնությունների առժամանակյա սառեցում, ուժերի և ռեսուրսների կենտրոնացում, անվերապահ աջակցություն բանակին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը, ու սա ես ասում եմ և՛ որպես պատգամավոր, և՛ որպես շարքային քաղաքացի», - Facebook-ում գրել է նա։

Ըստ ՔՊ-ականի՝ քաղաքական-հասարակական գործիչները պետք է խոսեն մեկ լեզվով, միանման և հստակ, հասցեկան ուղերձներով թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի դեպքում, լրատվական ոլորտի ներկայացուցիչները պետք է տարածեն պաշտոնական, ճշտված ու հավաստի տեղեկատվություն, տնտեսվարողները պետք է լինեն էլ ավելի բարեխիղճ։

 

«Եվ, առհասարակ, յուրաքանչյուրս մեր տեղում պետք է ստանձնենք մեր բաժին պատասխանատվությունն ու առաջնորդությունը։

Այո՛ մենք քիչ ենք և փոքր քարտեզի վրա, այս հանգամանքը մի կողմից բարդացնում է իրավիճակը ուժերի հարաբերակցության առումով, բայց մյուս կողմից հնարավորություն է տալիս գործել որպես մեկ միասնակ մարմին, լինել առավել կազմակերպված, ու մենք պե՛տք է լինենք կազմակերպված ու գերկարգապահ․ այլընտրանք չկա։ Որևէ մեկս իրավունք չունի թուլանալու ու թուլացնելու սահմանին կռվող տղերքի թիկունքը, իսկ մեզ ներսից թուլացնել փորձողները պետք է խստորեն պատժվեն։

Եվ ուրմեն, բոլորս պետք է գիտակցենք՝ ինչ է  պետությունը, որն է անկախությունը ու համախմբվենք հայկական պետականության՝ Հայաստանի Հանրապետության շուրջ՝ երկրի ներսում և սփյուռքում», - նշել է ՔՊ խմբակցության քարտուղարը։

  • Կիսվել: