Եթե ժողովրդի համար ընդունելի լինի Մայր օրենքը, չեմ կարծում՝ ժողովրդի որևէ ընտրյալ պատգամավոր կարող է դեմ արտահայտվել. Հասմիկ Հակոբյան
Եթե ժողովրդի համար ընդունելի լինի մեր Մայր օրենքը, չեմ կարծում, որ ժողովրդի որևէ ընտրյալ պատգամավոր կարող է դեմ արտահայտվել այդ կարևոր փոփոխությանը: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔՊ-ն անհրաժեշտ ձայներ չունի Սահմանադրություն փոխելու, այդ դեպքում ինչպե՞ս է Սահմանադրությունը փոխվելու:
Հասմիկ Հակոբյանը պարզաբանեց՝ Սահմանադրության նոր տեքստը հանրային լայն քննարկման է դրվելու, այն բոլորին հասու է լինելու:
«Պատմականորեն, Սահմանադրությունը մեր ժողովուրդը չի ընտրել և կապ չի զգացել Մայր օրենքի հետ, որով պետք է առաջնորդվի իր կյանքի բոլոր փուլերում: Նոր Սահմանադրություն ունենալու նպատակն էլ հենց դա է, որ մեր ժողովուրդն ընդունի, ընկալի, առաջնորդվի իր Սահմանադրությամբ, ոչ թե այն ձևական բնույթ կրի»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ ժողովրդի ճնշման ներքո փաստաթղթին կողմ քվեարկելու սցենարի մասի՞ն է խոսքը, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց. «Իսկ կարո՞ղ է այդ նախագիծը ներկայացնենք, և պետականամետ մտածողությամբ ընդդիմադիր պատգամավորներ ելույթներ ունենան և պաշտպանեն Սահմանադրությունը: Բացառո՞ւմ եք: Եթե լավ բան լինի, գուցե դուք էլ աջակցեք»:


