չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եթե ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել ՀՀ-ն և Լեռնային Ղարաբաղը, մենք պետք է ամբողջ աշխարհի դեմ միայնակ կռիվ չտանք. վարչապետ

Եթե ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել ՀՀ-ն և Լեռնային Ղարաբաղը, մենք պետք է ամբողջ աշխարհի դեմ միայնակ կռիվ չտանք. վարչապետ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային ՀԸ-ին տված հարցազրույցոմ պատասխանել է հարցին, թե որն է Հայաստանի իշխանության դիրքորոշումը Արցախի հարցում. Արցախը Հայաստան է, եւ վե՞րջ, թե՞ Հայաստանը վաղուց ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է։

Վարչապետը նշել է՝ պետք է ամբողջ աշխարհի դեմ միայնակ կռիվ չտանք, քանի որ չենք կարող։

«Եթե մենք ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը, մենք պետք է ամբողջ աշխարհի դեմ միայնակ կռիվ չտանք, որովետեւ չենք կարող տալ»,– ասել է նա՝ նշելով, որ պետք է իրագործելի ծրագիր ունենալ։

Փաշինյանի խոսքով՝ նոր իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը նոր տեսության անհրաժեշտություն ունի։

«Ոչ թե նրա համար, որ հին տեսությունը վատն է, այլ որ այդ տեսության ընդունման առաջին իսկ օրից մեր բոլոր գործողությունները հակասել են այդ տեսությանը եւ, ի վերջո, բերել, հասցրել են նրան, որ այդ տեսությունը գործնականում չեղարկվել է առաջին հերթին մեր կողմից»,– ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրեն մեղավոր է զգում, որ 2018 թվականին չի ասել ամեն ինչ այնպես, ինչպես ասում է հիմա։

«Համարել եմ, որ որպես մոհիկան պետք է պայքարեմ հանուն այդ նարատիվի։ Հետո պարզվել է, որ դա ոչ մեկին պետք չէ, եւ ոչ մեկը պատրաստ չէ եւ պատրաստ չի եղել այդ նարատիվին, այդ տեսությունը արձանագրելուն եւ դա փրկելուն ուղղված որեւէ գործողություն անելուն, երբ իշխանական լծակներ է ունեցել: Մենք պետք է արձանագրենք, որ դա տեղի է ունեցել, պետք է առերեսվենք այս իրականության հետ»,– նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը վարելիս միշտ անտեսել է ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի բանաձեւերը, մինչդեռ դրանք գոյություն ունեն եւ դա, նրա խոսքով, էական գործոն է։

 

  • Կիսվել: