ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե մի օր Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, դա առաջին հերթին լավ կլինի հենց իր համար. ՀՀ նախագահը՝ StratNews Global-ին

Եթե մի օր Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, դա առաջին հերթին լավ կլինի հենց իր համար. ՀՀ նախագահը՝ StratNews Global-ին

Ցեղասպանության ժխտման խնդիրը գալիս է նրանից, որ այն չի ճանաչվել Թուրքիայի կողմից: Այս մասին տեսակապի միջոցով հնդկական StratNews Global հեղինակավոր տեղեկատվական պորտալին տված հարցազրույցի ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ է արվում, որ ցեղասպանությունը ճանաչվի, որպեսզի նույնը չկրկնվի, ՀՀ նախագահը պատասխանել է. «Մի քանի կետ կառանձնացնեմ, որից առաջինը կանվանեմ՝ ուժ: Եթե դուք ընդունում եք ձեր սխալներն, ապա ուժեղ եք, կարողանում եք ասել՝ այո՛, սխալ քայլ եմ արել եւ ցավում եմ դրա համար: Այդ քայլը ձեզ թույլ չի դարձնում, այլ ուժեղացնում է:

Երկրորդ կետը կանվանեմ ճշմարտություն եւ արդարություն: 1,5 միլիոն մարդ նահատակվեց նախկին Օսմանյան կայսրության տարածքում: Այդ մարդիկ այնտեղ էին ապրում հազարավոր տարիներ. հայերը նորեկներ չէին: Իսկ ո՞ւր մնացին նրանց մշակույթը, հազարավոր եկեղեցիներն, ամրոցները, մշակութային կենտրոնները, մեծ գրականությունը եւ այլն: Կա պատմություն, եւ աշխարհն այն ճանաչել է:

Եթե մի օր Թուրքիան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունն, ապա դա առաջին հերթին լավ կլինի Թուրքիայի ժողովրդի եւ Թուրքիայի համար: Օրինակ՝ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրոպական միությանը, սակայն եվրոպական ամենամեծ արժեքներից մեկը հանդուրժողականությունն է, որը Եվրոպան միասնական է պահում: Կարեւոր է ճանաչել պատմությունը եւ հանդուրժողականության ճանապարհով գնալ:

1915 թվականին մենք կորցրեցիքն 1,5 միլիոն մարդ: Պարզ մաթեմատիկական հաշվարկով՝ եթե դա չլիներ, ամբողջ աշխարհի հայերը, որոնք այսօր մոտ 10 միլիոն են, որից 3 միլիոնն է Հայաստանում ապրում, կլինեին 20-25 միլիոն: Սա միայն 1,5 միլիոն հայերի մահվան մասին չէ, այլ սերունդների կորուստ է, մարդիկ, որոնք չծնվեցին:

Մենք նաեւ դարեր ի վեր տարբեր մշակույթների, տեղեկատվության կրողներ, վաճառականներ ենք եղել: Հայերը մշտապես կապված են եղել տարբեր մշակույթների հետ: Հայերը քաղաքակրթության խաչմերուկում են եղել, մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք աշխարհում, մենք շատ ենք տառապել, ինչը, կարծում եմ, մեզ ուժեղ, վերապրող ժողովուրդ է դարձրել: 21-րդ դարում անհատական վերապրողները դեռ շարունակում են շատ կարեւոր լինել»:

  • Կիսվել: