շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե մենք չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, այսօրվա Հայաստանի տնտեսությունը չոքելու էր. Սերժ Սարգսյան

Եթե մենք չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, այսօրվա Հայաստանի տնտեսությունը չոքելու էր. Սերժ Սարգսյան

Մի անգամ տեսե՞լ եք Արևմուտքից կամ Արևելքից ինչ–որ բաց պարտադրանքներ հնչեցնեն մեզ, ես չեմ հիշում, որովհետև մենք անում էինք քայլեր, որոնք բխում էին մեր երկրի շահերից և արկածախնդրության հետ որևէ առնչություն չունեինք։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եթե մենք չշարունակեինք մեր հարաբերությունները ՀԱՊԿ–ի հետ, ապա մենք միլիարդավոր դոլարների սպառազինություն չէինք ունենա, իհարկե այսօրվա իշխանությունները դրանք անվանում էին մետաղե ջարդոն, բայց տեսնում ենք, թե այդ մետաղե ջարդոնն օգտագործվում հմուտ օգտագործողների կողմից օրինակ՝ Ուկրաինայում։ Եթե մենք չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, այսօրվա Հայաստանի տնտեսությունը չոքելու էր։ Ես ուղիղ երկու տարի առաջարկում ու խնդրում էի սկզբից մաքսային միությանը, այնուհետև ԵԱՏՄ–ին, անդամակցող երկրներին խնդրում էի Հայաստանին ընդունել այդ կառույց, որովհետև այդ կառույցին չանդամակցելը բերելու էր այն իրավիճակին, ինչ իրավիճակ ստեղծվեց Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում։ Մեր տնտեսության այն ժամանակ մի հիմնական մասը կազմում էր գյուղատնտեսությունը, բա որտե՞ղ պիտի ծախեինք մեր կոնյակը, ծիրանը, այդքան ջերմոցները, կարո՞ղ է տանեինք Թուրքիա՝ լոլիկ ծախեինք։ Այդ մասին շատ հստակ գիտեին ԵՄ մեր գործընկերներ։ Հանրություն լավ գիտեր, որ մենք երկու տարի զուգահեռաբար բանակցում էինք ինչպես ԵԱՏՄ–ին նախորդած մաքսային միության, այնպես էլ ԵՄ–ի հետ»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է տնտեսական հարցերով համագործակցել մի երկրի հետ, իսկ անվտանգային առումով այլ երկրի հետ, երրորդ նախագահն ասաց. «Ոչ, անհնար է մի տեղ ունենալ անվտանգության միջավայր, մյուս կողմը՝ տնտեսության»։

  • Կիսվել: