ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե անգամ այդ տարբերակն ընդունելու դեպքում մեզ հանեն, ես կստորագրեմ, քանի որ դա բխում է ժողովրդի շահերից. Բաբկեն Թունյան

Եթե անգամ այդ տարբերակն ընդունելու դեպքում մեզ հանեն, ես կստորագրեմ, քանի որ դա բխում է ժողովրդի շահերից. Բաբկեն Թունյան

Բոլորդ լրագրողներ եք, եթե մի փոքր հայոց լեզվի իմացություն ունեք՝ կարող եք հասկանալ: Ներկայացրեք մարդկանց խոսքերն այնպես, որ մարդիկ հասկանան ասելիքը, ոչ թե աղավաղեք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը:

«Մենք ունենք տարբերակ, որը բխում է Հայաստանի շահերից, չի հակասում Հայաստանի շահերին: Եթե անգամ այդ տարբերակն ընդունելու դեպքում մեզ հանեն ես կստորագրեմ, քանի որ դա բխում է ժողովրդի շահերից»,- նշել է պատգամավորը:

Թունյանը նաև անդրադարձել է Ազգային ժողովում Գեղամ Մանուկյանի ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանի՝ Գեղամ Մանուկյանից պարզաբանում պահանջելու նպատակով դեպի ամբիոն գնալուն:

Լրագրողները ՔՊ-ական պատգամավորին հարց են ուղղել՝ հետաքրքրվելով, թե ինչու են ՔՊ-ական կանայք դրսևորում ագրեսիվ վարքագիծ:

«Ոչ մեկ ագրեսիվ չէր, ուղղակի մարդիկ լարված են: Լարվածությունն էլ բնական է երեկվա հայտարարություններից հետո, որոնք հնչում էին Ազգային ժողովի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ։ Նա նշել էր, որ պետք է ստորագրվի փաստաթուղթ, որը երաշխավոր կլինի։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, էլի գոհ ու շնորհակալ ենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 հզր 800 քմ կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես հստակ ասում եմ, այն որոշումը, որն ապահովելու է սա, ես հստակ ասում եմ՝ ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի ինձ հետ հետո, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,–ասել էր Փաշինյանը։

Նա նշել էր, որ ըստ իրեն՝ ինքն իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ։

  • Կիսվել: