Ես ո՛չ խուսափում եմ ասել Կտրիճ Ներսիսյան, ո՛չ խուսափում եմ ասել Գարեգին Երկրորդ. Արգիշտի Մեխակյան
Ես էդ հարցին չեմ պատասխանում, խուսափում եմ այդ հարցից․․․ Ոչ թե խուսափում եմ, այլ այդ հարցը բազմիցս չարչրկվել է։ Ես ո՛չ խուսափում եմ ասել Կտրիճ Ներսիսյան, ո՛չ խուսափում եմ ասել Գարեգին Երկրորդ։ Այս մասին այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Չեմ ուզում մտնել հարցերի մի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ մի տեղ չի տանում․․․ Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։ Եթե ես իմ անելիքներից զատ ուրիշ բան անեմ, իմ գործը, որի համար այս պահին նշանակված եմ, դա ինձ համար ամենակարևոր գործն է»։
Լրագրողների հարցին՝ եթե Մեխակյանը համայնքապետ ընտրվի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դիմի քաղաքում հոգևոր հավաք անցկացնելու համար, արդյոք կարտոնի՞ Մեխակյանն այդ հավաքը։ «Եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց ՀՀ-ում որևէ տեղ հավաք անցկացնել, ՀՀ-ում չկա որևէ մեկը, որ չկարողանա արտոնել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։


