Ես նման ինֆորմացիայի չեմ ծանոթացել ոչ ԱԱԾ, ոչ նախագահ եղած ժամանակ. Սերժ Սարգսյան
«Ես այդպիսի տվյալներ չունեմ, նման ինֆորմացիայի չեմ ծանոթացել ոչ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ, ոչ նախագահ եղած ժամանակ»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ ի պատասխան Civic.am-ի հարցման, ԱԱԾ-ից ասել են՝ իրենց մոտ առկա տվյալների համաձայն՝ «Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ»։
Նա նշեց, որ ընդհանրապես, իր նախկին ծառայակիցները կարող են հավաստել, երբեք այդպիսի հարցերով չի հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ հետ, առավել ևս ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ հետ կամ այլ հատուկ ծառայությունների հետ։
«Ես դրա իմաստը չեմ տեսնում։ Ենթադրենք, որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, բայց նրանք, ովքեր դա որպես շատ մեծ բացասական բան են համարում, արդյո՞ք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել։
Իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը այդ երկրին, ԽՍՀՄ-ին, որի կազմում նաև Հայաստանն էր, օգո՞ւտ, թե՞ վնաս է բերել։
Նման տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հասարակությանը ծանոթացնել շատ նրբերանգների։ Եթե դա չի լինում, ուրեմն ինչ-որ այլ, ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»,- ասաց Ս. Սարգսյանը։
Հարցին՝ արդյո՞ք այդպես ուզում են ճնշում գործադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Խոսքը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը։ Հիմա ինչ՝ եղբայրը եղբոր համա՞ր է պատասխանտու, եթե, իրոք, դա իրականություն է։ Դեպի ուր ենք գլորվում, ես չեմ հասկանում»։


