երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես Կարեն Կարապետյանին ասացի՝ Կարեն ջան, պատրա՞ստ ես արդյոք ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա․ Սարգսյան

Ես Կարեն Կարապետյանին ասացի՝ Կարեն ջան, պատրա՞ստ ես արդյոք ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա․ Սարգսյան

Ես հրաժարականի հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ: Այս մասին Արմնյուզին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Առաջին անգամ ապրիլի 23-ի առավոտյան, ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեսքտը դրել եմ կողքի, 30-40 րոպե հանգիստ մտածել եմ:

Այնուհետև այդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առենլով այն հանգամանքը, որ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն էլ ավելի թեժացնել:

Որոշ ժամանակ մտածելուց հետո, իմ պատկերացմամբ, արդեն այդ տեքստն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին ու ուղիղ հարցրել․ «Կարեն ջան, պարոն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրաստ ես արդյոք ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»:

Նա ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ: Ես ասացի՝ ուրեմն պայմանավորվում ենք, որ որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական, այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառի մասնակցությամբ, դրանից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան ու նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու: Թող նրանք իրավիճակը լիցքաթափեն: Հաջորդ օրն ապրիլի 24-ն էր՛՛:

Նշենք, որ Սարգսյանն այս մասին ասաց՝ խոսելով իր հայտնի հայտարարության մասին, որում նշել էր, որ ինքը սխալ է, Նիկոլը՝ ճիշտ։

Նա նշեց, որ այդ ժամանակ նրանց իշխանություն փոխանցելու մասին խոսք չի եղել, խոսքը եղել է իր հրաժարականի մասին. «Ես չեմ կարծում, որ Կարապետյանը նրանց այլ բան կասեր: Կարապետյանը նրանց հետ չի խոսել իշխանությունը փոխանցելու մասին, ասել է, որ ես հրաժարական եմ տալիս: Դրանից հետո ես Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստն ու նրա խնդրանքով ևս մեկ պարբերություն հանել: Դա երրորդ խմբագրումն էր»

  • Կիսվել: