հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ես եւ երրորդ նախագահը հարթակին չենք եղել, որ հին-նոր, հայաստանցի-արցախցի թեման առաջ չբերենք. Քոչարյան

Ես եւ երրորդ նախագահը հարթակին չենք եղել, որ հին-նոր, հայաստանցի-արցախցի թեման առաջ չբերենք. Քոչարյան

Մտածում եք, որ տարբեր քաղաքական միավորների հնարավոր է միավորել այնպես, որ ներքին հակասություններ ընդհանրապես չլինե՞ն, դա անհնար բան է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ արդյո՞ք կա լարվածություն եւ ինչո՞ւ «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին իրենք մեկ հարթակում չեն եղել։

«Մտածում եք, որ տարբեր քաղաքական միավորների հնարավոր է միավորել այնպես, որ ներքին հակասություններ ընդհանրապես չլինե՞ն, դա անհնար բան է։ Դա չի նշանակում, որ հնարավոր չի միավորվել եւ «Դիմադրություն» շարժման ժամանակ միասին, ձեռք ձեռքի տված աշխատել են տարբեր կուսակցություններ։ Դա չի նշանակում, որ իրենց մեջ որոշակի տարաձայնություններ իսպառ բացակայում են։ Համոզված եմ, որ իշխանության հետ առնչվող տարբեր քաղաքական ուժեր եւս ունեն տարբերություններ։ Հիմնական նպատակի համար հնարավոր է միասին լինել, հնարավոր է պայքարել։ Ես եւ երրորդ նախագահը հարթակին չենք եղել, որ հին-նոր, հայաստանցի-արցախցի թեման առաջ չբերենք»,- ասաց երկրորդ նախագահը։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այդ թեման երկրորդ եւ երրորդ նախագահների դեմ ամենախոցելի թեմաներից է եղել. «Այնպես է ստացվել, որ երկրորդ եւ երրորդ նախագահները ղարաբաղցի են, այնպես է ստացվել, որ մենք բանակի ձեւավորման հիմքում ենք կանգնած, մեզ հետ են կապված արցախյան առաջին պատերազմի հաղթանակները։ Հիմա մարդկանց վախեցնում են նոր պատերազմով, վախեցնում են Ղարաբաղով, հին ու նոր բաժանող թեզն են կիրառում»։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե մտածում է, որ ընդդիմության պայքարի ընթացքում գուցե ձեւավորվեն ավելի երիտասարդ առաջնորդներ, որոնք ինչ-որ տեղ կարող են նաեւ իրենց փոխարինել։ Եվ դիտարկմանը՝ արդյո՞ք չի ցանկանում հեռանալ ասպարեզից, երկրորդ նախագահն արձագանքեց.

«Իմ լինելու մեջ ես ինչ մեղք ունեմ, այստեղ եմ, ինչքան ժամանակ ես շնչեմ, ապրեմ, Հայաստանում լինեմ, այդ թեման լինելու է։ Հարց հնչեց՝ ինչո՞ւ են ինձանից վախենում։ Ի՞նչ անեմ ես, գնամ պլաստիկ վիրահատություն անեմ, որ ինձանից չվախենա՞ն»։

  • Կիսվել: