ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես երբեք չեմ վախեցել քաղաքական գործընթացներում մնալ միայնակ․ Փաշինյան

Ես երբեք չեմ վախեցել քաղաքական գործընթացներում մնալ միայնակ․ Փաշինյան

Ես երբեք չեմ վախեցել քաղաքական գործընթացներում մնալ միայնակ, այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ինքը հարաբերություններ չի պահպանել իր նախկին լրագրող քաղաքական գործընկերների հետ և բաժանվել նրանցից։

Ըստ վարչապետի, պատճառները բացառապես քաղաքական են ու եղել են հրապարակային։ Նա հիշեց Հայ Ազգային կոնգրես կուսակցության հետ միասնությունը և բուրժուադեմոկրատական հեղափոխության թեզից հետո բաժավելը, ինչպես նաև «Ելք» դաշինքի հետ տարաձայնությունները։
«Քաղաքական հարաբերությունների խզումը պայմանավորված են քաղաքական, գաղափարական տարաձայնություններով։

Ընդհանուր առմամբ ուզում եմ մի բան ասել՝ քաղաքական գործընթացում պատճառներից մեկը եղել է այն, որ քաղաքական գործունեության մեջ երբեք չեմ վախեցել մենակ մնալ։ Եղել են այդպիսի կոնկրետ պահեր, որ երբ ինձ հարցրել եմ՝ ովքեր են իմ քաղաքական համախոհները, ունեցել եմ մեկ պատասխան՝ իմ ընտանիքը։ Քաղաքական գործընթացում ես երբեք չեմ վախեցել, որ կմնամ միայնակ», հայտարարեց վարչապետը։

Ինչ վերաբերում է լրագրող գործընկերների հետ հարաբերություններին, Փաշինյանը նշեց․

«Լրագրողական հանրության հետ կապված եղել է հետևյալ խնդիրը՝ իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է շատ կարևոր գաղափարախոսական ու քաղաքական կոմպոնենտ։ Իմ գործունեությունը ես ընկալել եմ որպես քաղաքական գործունեության մաս, հնարավոր է, շատ լրագրողներ ինձ 100 տոկոս լրագրող չեն էլ ընդունում։ Հիմա լրագրողական հանրության հետ շփվում եմ որպես երկրի ղեկավար սրանից բխող բարդություններով ու նրբությունենրով։ Գուցե դա վատ է,չեմ կարող ասել։ Այս դեպքում է էլ՝ շարունակում եմ չվախենալ մենակ մնալ։ Հակառակը կոմֆորմիզմն է, հարմարվողականությունը, որ հարմարվես ինչ-որ շահերի ու տեղավորվես կոմֆորտ միջավայրում», -ասաց նա։

  • Կիսվել: