Ես չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ փոխել է թվային ցուցանիշները․ Մուկուչյան
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է տարբեր տարիներին տեղի ունեցած ընտրակեղծիքներին, նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր այն տեղամասերի հետ կապված, որոնցում եղել են դիմումներ, բողոքներ, ահազանգեր, հրապարակային քննության առարկա է դարձրել ԿԸՀ նիստերի ժամանակ։
«ԿԸՀ-ն իր իրավասության տիրույթում, վարչական վարույթի շրջանակում, դրանք քննել և որոշումներ կայացրել է»,- ասաց Մուկուչյանը:
Ըստ նրա՝ ԿԸՀ-ն լիարժեք ծավալով կյանքի է կոչել իր լիազորությունները՝ բացառապես առաջնորդվելով օրենքով ամրագրված պահանջների պահպանմամբ:
«Ես չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ կազմվել է արձանագրություն, բերվել է ԿԸՀ, և ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ փոխել է այդ թվային ցուցանիշները և այլն»,- ասաց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ եղել են գովազդային վահանակներ, տեղամասերում փակցված պաստառներ, որոնք ուղղակիորեն կոչ էին ընտրողներին ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ընտրակաշառք ստանալը նաև քրեորեն պատժելի արարք է:


