կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ես այս պահին չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ․ ԵՄ դեսպան

Ես այս պահին չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ․ ԵՄ դեսպան

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինից Oragir.news-ը հետաքրքրվել է, թե իր կարծիքով՝ ով է պատասխանատու դատարանի դահլիճում պորոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան համար։

Դեսպանը հորդորել է շուտափույթ եզրահանգումներ չանել․

«Ես ինչքանով որ տեղեկացված եմ, նա սրտի խնդիր ուներ։ Ես այդքանը գիտեմ եւ գիտեմ, որ նա ձերբակալված էր մինչ այդ։ Ես արդեն ասել եմ եւ կրկնում եմ, որ նախնական կալանքի փուլում պետք է տարբեր ծառայությունների մշտական հասանելիություն լինի՝ նրանց առողջության պահպանման առումով»,- պատասխանել է Վիկտորինը։

Հարցին՝  ի՞նչ է տեղի ունենում Եվրոպական երկրներում, երբ նման դեպք է տեղի ունենում, Անդրեա Վիկտորինը պատասխանել է․

«Նմանատիպ դեպքերում Եվրոպական միությունում, իհարկե, հետաքննություն է իրականացվում։ Հետաքննության արդյունքները պարզ կլինեն, դա այն է, ինչ ինձ ասաց արդարադատության փոխնախարարը, մենք բոլորս սպասում ենք հետաքննության արդյունքներին, նույնը կլինի նաեւ Հայաստանում։ Եկեք սպասենք, եկեք արագ եզրակացությունների չհանգենք»։

Լրատվամիջոցը հետաքրքրվել է նաեւ, թե ինչ է կարծում դիվանագետը՝ այժմ Հայաստանում կա՞ն բանտարկյալներ՝ նկատի ունենալով, որ բողոքի զանգվածային ցույցերից հետո շատերը դեռ կալանքի տակ են։ Վիկտորինի կարծիքով՝ այս պահին քաղբանտարկյալներ չկան․

«Ես այս պահին չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալի կարգավիճակ ունեցող անձինք։ Իհարկե, կան կալանավորվածներ, նրանցից որոշ մարդիկ արդեն ազատվել են, բայց եկեք արագ եզրակացությունների չհանգենք, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ որոշումներ կկայացվեն»,- պատասխանել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

  • Կիսվել: