Ես այդ հանձնաժողովը չէի կազմի․ Սեյրան Օհանյանն՝ Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի մասին
Թույլ տանք հանձնաժողովին աշխատել, մենք հասկանում ենք, թե ինչ տեղեկությունների, ինչ կառույցի գործողությունների մասին է խոսքը: Այս մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է Ազգային ժողովում՝ լրագրողների հետ հանդիպմանը։
Նա ԱԺ ներկայացել էր իր տեղեկություններն Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովին փոխանցելու համար:
«Այդ ռազմական կառույցն իր գործունեությունը ծավալում է հիմնականում գաղտնիության սկզբունք շրջանակներում: Երբ հակառակորդն է ուզում բացել, ինչ-որ բաներ ասել, հասկանալի է: Սակայն ինձ համար անհասկանալի է այն, երբ մենք ենք ուզում դա բացել: Դրա համար սրանով կսահմանափակվեմ»:
Դիտարկմանը, որ ինքն ավելի վաղ բացասաբար էր արտահայտվել հանձնաժողովի հասցեին և հարցին՝ փոխել է արդյո՞ք իր մոտեցումը, Օհանյանը նշեց․
«Ես հանձնաժողովը չէի կազմի, կամ հանձնաժողովի պաշտպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն ՊՆ ղեկավարության հետ: Սակայն, քանի որ ստեղծվել է, պետք է իր աշխատանքը շարունակի, իսկ ես իմ կողմից աջակցելու եմ»:
Ըստ նար՝ զուգահեռ քննարկման արդյունքում եկել են եզրակացության և հանձնաժողովն իր աշխատանքները պետք է շարունակի։
Օհանյանը խոսեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին․
«Ես երկար տարիներ այցելել եմ Ազգային ժողով ու չի եղել գեթ մեկ այցելություն, որ ես ԱԺ նախագահի մոտ չլինեմ: Ես՝ որպես քաղաքավարություն նշան, բարեկրթության նորմ, խնդրեցի և այցելեցի նաև Ազգային ժողովի նախագահին»:


