հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երիտասարդներին հանում են փողոց, հետո գալիս այդ մարդկանց ֆոնին քաղաքական դիվիդենտներ փորձում հավաքել. Ալեն Սիմոնյանը՝ նախկինների մասին

Երիտասարդներին հանում են փողոց, հետո գալիս այդ մարդկանց ֆոնին քաղաքական դիվիդենտներ փորձում հավաքել. Ալեն Սիմոնյանը՝ նախկինների մասին

Ոստիկանության գործողություններն համաչափ եմ համարում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած երիտասարդների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախման մասին։

«Համարում եմ՝ ոստիկանության գործողություններն համաչափ, ինչ-որ տեղ գտնում եմ՝ մանկապարտեզային, որովհետև մարդկանց խնդրում են, բացատրում են այս 2 տասնյակ երիտասարդներին, որ ճանապարհը փակելը ճիշտ չի, բացում են ճանապարհը, նրանց չեն տանում ոստիկանություն, հետո էլի գալիս, էլի փակում, և նախկին իշխանավորներ գալիս են, այդ երիտասարդների ֆոնին փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել, իշխանությանը ինչ-որ բանի մեջ մեղադրելով, լավ էլի։ Երիտասարդներին հանել փողոց, սնել ինչ-որ գաղափարով, հետո գալ, այդ մարդկանց ֆոնին քաղաքական դիվիդենտներ փորձել հավաքել, ես դա համարում եմ․․․»,-նշեց նա։

Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերներ Անի Սամսոնյանի և Արման Աբովյանի ոստիկանության բաժին այցելելուն, Սիմոնյանն ասաց, որ ողջունում է նրանց այդ քայլը:

«Ես վստահ էի, որ ոստիկանությունում օրինականության հետ որևէ խնդիր չի առաջանա։ Վստահ էի, որ 3 ժամը լրանալուն պես մեր երիտասարդները դուրս էին գալու, իսկ եթե ինչ-որ խնդիր լիներ, այն պետական պաշտոնյանին, ոստիկանին, որ իրեն թույլ կտար անհամաչափ ինչ-որ քայլ անել, ուժ կիրառել, ես կհետևեի, որ պատժվեր», -հավելեց նա։ ԱԺ փոխնախագահը պնդեց՝ նման ակցիաներով Հ. Յ. Դաշնակցությունը փորձում է քաղաքականապես վերակենդանանալ:

«Վստահեցնում եմ, որ այդ գորճելաոճը մեր ժողովրդի մոտ որևէ աջակցություն չի գտնում, որովհետև չի կարելի դեմ տալ և գալ, ասել դե տեսաք՝ ինչ արեցին մեր երիտասարդները։ Փորձում են քաղաքականապես վերակենդանանալ, բայց վատնելու է իր ունեցած վստահությունը, որովհետև նման շինծու օրակարգերով, նման գործելաոճով որևէ բանի չեն հասնելու», -ընդգծեց իշխանական քաղաքական գործիչը:

  • Կիսվել: