ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանը պետք է լինի մարդկա՛նց համար քաղաք․ Ավինյան

Երևանը պետք է լինի մարդկա՛նց համար քաղաք․ Ավինյան

 Երևանն առաջին հերթին մարդիկ են, Երևանի մասին խոսելիս պատկերացնում ենք մարդկանց, որ ստեղծել են քաղաքն ու դրա կոլորիտն իրենց երգերում, ֆիլմերում, շենքերում և քանդակներում, Երևանը Թամանյան է իր ճարտարապետությամբ, Հախվերդյանի ու Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, և քաղաքն ինքնաբերաբար սկսում է նմանվել նրանց երգերին։ Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:

Երևանը Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմն է, Քոչարի, Արա Հարությունյանի քանդակներն են, Երևանը Չարենցն ու Բակունցն են, որոնք շրջել են Երևանի փողոցներով և իրենց հերթը զիջել այսօրվա երիտասարդներին, և Երևանն, այո՛, միայն անցյալը չէ, Երևանը ներկան է ու ապագան, Երևանն այսօրվա ճարտարապետներն ու քանդակագործներն են, այսօրվա նկարիչներն են, այսօրվա դերասաններն ու ռեժիսորները, բոլոր նրանք, ովքեր ապրում են Երևանում և ապրեցնում են քաղաքը։ Երևանը նաև այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում քաղաքի համար, առավոտյան, երբ դեռ շատերս քնած ենք, փողոցները կարգի են բերում Քաղաքապետարանի մաքրությունն ապահովող քաղաքացիները, Երևանն են կանաչապատումն ու բարեկագրումն ապահովող մասնագետները, ոստիկանները, հրշեջներն ու փրկարարները, շտապօգնության վարորդներն ու բժիշկները, դաստիարակներն ու մանկավարժները, բոլորը, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով ապահովում են մեր քաղաքի բնականոն ընթացքը»,–ասաց Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ Երևանը մարդիկ են, ովքեր ապրում են մեր քաղաքում, և հոգում են իրենց ընտանիքների կարիքները, որտեղ, սակայն, բախվում են տարատեսակ խնդիրների․ ոմանք անվասայլակով կամ մանկասայլակով տեղաշարժվում են չհարմարեցված մայթերով, շատերն աշխատանքից կամ դասից ուշանում են՝ արդարացի դժգոհելով կանգառում ավտոբուսին երկար սպասելուց, Երևանը խաղաղահրապարակ չունենալու պատճառով «գարաժների» դռները դարպաս սարքած երեխաներն են, և բոլոր այն ծնողներն են, ովքեր «գիշերվա հազարին», հրավառությունից անհանգստացած իրենց երեխաներին են հանգստացնում։

«Բայց խնդիրները նշելու հետ մեկտեղ ես չեմ կարող չանդրադառնալ դեռևս 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի ջանքերին, որոնք շատ խնդիրներ մեղմել են, այնուամենայնիվ, մեծ աշխատանքը դեռ առջևում է, քանի որ քաղաքն ունի նոր տեխնոլոգիական և համակարգային լուծումների կարիք։ Երևանը պետք է լինի մարդկա՛նց համար քաղաք։ Քաղաքն այդպիսին կարող է դառնալ պարզ սկզբունքների պահպանմամբ՝ հանրային շահի գերակայություն՝ անհատական շահի նկատմամբ, այդ բանաձևով է պետք լուծել բոլոր խնդիրները, չի կարող մեկի անհատական շահը ավելի կարևոր լինել, քան երեխաների խաղը բարեկարգ խաղահրապարակում»,–ասաց Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ մարդկանց համար քաղաք կառուցել նշանակում է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ և Երևանի համար պետք է հոգ տանի նրա յուրաքնաչյուր բնակիչ։

  • Կիսվել: