ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանը պատերազմի ողջ ընթացքում տեղեկատվություն տրամադրել է միջազգային գործընկերներին. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Կանադային «Բայրաքթարների» մասին ինֆորմացիա չտրամադրելու լուրերին

Երևանը պատերազմի ողջ ընթացքում տեղեկատվություն տրամադրել է միջազգային գործընկերներին. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Կանադային «Բայրաքթարների» մասին ինֆորմացիա չտրամադրելու լուրերին

ՀՀ ԱԳՆ անդրադարձել է Կանադայի «Հայ Դատի» պնդումներին այն մասին, թե ՀՀ կառավարությունը իբրև թե հրաժարվել է Կանադային տրամադրել պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից «Բայրաքթարներ» օգտագործելու մասին ինֆորմացիա, որպեսզի դրա հիման վրա այդ երկիրը դադարեցնի տվյալ անօդաչուների պահեստամասերի մատակարարումը Ադրբեջանին:

Այս առնչությամբ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մասնավորապես ասել է.

«Թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի և Արցախի ժողովրդի դեմ կիրառված զինատեսակների վերաբերյալ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ համապարփակ տեղեկատվություն է տրամադրվել մեր բոլոր գործընկերներին: Այդ տեղեկատվությունը, այդ թվում՝ համապատասխան զեկույցների տեսքով, տրամադրվել է պատերազմի առաջին իսկ օրերից: Զեկույցները նվիրված են եղել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությանը և վերջինիս կողմից ահաբեկիչների տեղափոխմանը, Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառմանը և այլն: Այս հարցով առավել պատկերավոր լինելու համար պարզապես մեկ իրավիճակ նկարագրեմ. Բայրաքթար անօդաչու սարքերի մասեր արտադրող երկրներում մեր դեսպանություններին, այդ թվում՝ Կանադայում ՀՀ դեսպանությանը, դեռ պատերազմի օրերին հանձնարարականներ տրվեցին՝ դիմելու դեսպանընկալ երկրներին դադարեցնելու Բայրաքթարներում կիրառվող մասերի մատակարարումը Թուրքիային:

Ձեռնարկված քայլերի արդյունքում, Կանադայում գլխադասային «Բոմբարդիր» ընկերությունը, անտեսելով իր բիզնես պարտավորությունները, որոշում կայացրեց դադարեցնելու իր ավստրիական դուստր «Ռոտաքս» ընկերության կողմից արտադրվող շարժիչների վաճառքը իտալական մատակարարող ընկերության կողմից Թուրքիային: Վստահեցնում եմ, որ նույն աշխատանքը իրականացվել է նաև «Վեսքամ»-ի ուղղությամբ. անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ դեսպանություններ այն ստանալուն պես: Վերոնշյալ աշխատանքն իրականացվել է նաև կանադական ուղղությամբ, թեև կանադական կողմը պաշտոնապես նման տեղեկատվություն չի հայցել: Հավելեմ, որ խոսքը ոչ թե մամուլում հրապարակված տեղեկատվության և հայտարարությունների մասին է, այլ փաստական ապացույցների, որոնք բացառապես ծառայողական կիրառման համար են: Այս առնչությամբ այլ մանրամասներ չեմ կարող տրամադրել»:

  • Կիսվել: