չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը

Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը

Հունիսի 17-ին Երևանում մեկնարկեց Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը, որտեղ բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նման ձևաչափով առաջին անգամ անցկացվող այս համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքվել տեղական ինքնակառավարման, նահանգային և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց՝ կարծիքներ փոխանակելու ժողովրդավարական հասարակարգում տեղական օղակի առաջնորդների դերի ու գործունեության վերաբերյալ։ Հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ պետքարտուղարության Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը, նրան ուղեկցում է Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։ Պատվիրակության կազմում են Գլենդելի (Կալիֆորնիա) քաղաքապետ Էլեն Ասատրյանը, Կալիֆորնիայի նահանգապետարանի Պլանավորման և հետազոտությունների գրասենյակի տնօրեն Սեմուել Ասեֆան, Փասադենայի (Կալիֆորնիա) քաղաքապետ Վիկտոր Գորդոն, Սքրենթոնի (Փենսիլվանիա) քաղաքապետ Փեյջ Կոնյետին, Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսը, Հելենայի (Մոնթանա)  քաղաքապետ Վիլմոնտ Քոլինսը և Կանզասի նահանգապետարանի գյուղատնտեսության դեպարտամենտի պետի տեղակալ Քելսի Օլսոնը։

Հայաստանից մասնակցում էին Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Վանաձորի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար և գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչպես նաև Հայաստանի մի շարք այլ պաշտոնյաներ՝ պետական կառավարման տեղական, մարզային և կենտրոնական օղակներից։

Համաժողովի բացման ժամանակ քաղաք-համայնք և նահանգ-մարզ նոր գործընկերությունների ձևավորման իրենց մտադրությունների մասին հայտարարեցին Մոնթանա նահանգի Հելենա քաղաքը և Լոռու մարզի Ստեփանավան համայնքը, Փենսիլվանիայի Սքրենթոն քաղաքը և Արմավիրի մարզի Արմավիր համայնքը և Միչիգանի նահանգը և Տավուշի մարզը։

Բացման նիստից հետո քննության կառնվեն տեղական մակարդակում ժողովրդավարության կառուցման հարցերը՝ համագործակցությունը քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի հետ, գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, ընտրական գործընթացների ապահովումը, ընտրազանգվածի ներգրավումը և այլն։ Համաժողովի երկրորդ օրը՝ հունիսի 18-ին մասնակիցները կուղևորվեն Գյումրի, հանդիպումներ կունենան Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց հետ, կայցելեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, և հանգամանալի քննարկումներ կվարեն ՏՏ զարգացման, հանրային-մասնավոր գործընկերությունների ձևավորման, կլիմայի փոփոխություններին ի պատասխան ձեռնարկվող միջոցների  և զբոսաշրջության խթանման հարցերի շուրջ։

Նաև տեղի կունենան քննարկումներ գործընկերության մասին հայտարարած զույգերի միջև՝ մտքեր փոխանակելու առաջիկա ամիսներին երկխոսության և համագործակցության խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ և ձևավորելու դինամիկ գործընկերություններ,  որոնք կնպաստեն փոխադարձ ըմբռնման մեծացմանը, արդյունավետ կառավարմանը, տնտեսական զարգացմանը, խաղաղությանն ու բարեկեցությանը՝ ի շահ հայ և ամերիկացի ժողովուրդների։

  • Կիսվել: