Երևանում բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի արտոնության սահմանափակմանը վերաբերող նախագիծը դրական եզրակացության ստացավ
Երևանում բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի արտոնության սահմանափակմանը վերաբերող նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում արժանացավ դրական եզրակացության։
«Համակարգը ներդրվել է 2014 թվականի նոյեմբերին: Ներդրման փուլում հիմնական հետապնդող նպատակը տնտեսական էր, այսինքն՝ ակնկալվում էր տնտեսության շինարարական հատվածի ակտիվացմամբ գեներացնել հարկման բազաներ, բայց նաև զուգահեռաբար նպաստել բնակարանային ապահովման խնդրի լուծմանը: Այնուհետև որոշվեց համակարգին որոշակի սոցիալական ուղղվածություն հաղորդել: Ըստ այդմ՝ անհատ ձեռնարկատերերը և նոտարները դուրս հանվեցին համակարգից»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նշվեց, որ եթե 2016-2017 թթ. պետական բյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019-ին աճը կազմել է 3.3 մլրդ, իսկ 2020-ին՝ 5.4 մլրդ դրամ:
«Նախագծով առաջարկվում է ըստ տարիների և գոտիականության միայն Երևանի վարչական տարածքի սահմաններում աստիճանաբար դադարեցնել եկամտային հարկի վերադարձման համակարգի գործողությունը: մասնավորապես, առաջարկվում է ամրագրել, որ եթե հիփոթեքային վարկը ստացվել է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, և բնակարանն էլ ձեռք է բերվում առաջին գոտում, ապա համակարգը հաջողությամբ կարող է սպասարկվել, կիրառվել, իսկ այդ ամսաթվից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով, եթե գույքը ձեռք է բերվում առաջին գոտում, այլևս համակարգը չի գործելու ըստ նախագծի: Առաջարկվում է ամրագրել, որ համակարգը չի գործում 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող հիփոթեքային վարկի մասով, պայմանով, եթե գույքը ձեռք է բերվում երկրորդ գոտում, և 2023 թվականի հուլիսի 1-ից հետո, եթե գույքը ձեռք է բերվում 3-րդ գոտում: Այնուհետև կես տարի դադար է առաջարկվում ժամանակային առումով, և կանոն, ըստ որի՝ եկամտային հարկի վերադարձը չի կիրառվի այլևս, եթե վարկը ստացվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո»,- ասաց Պողոսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նշվածը վերաբերում է Երևանի տարածքում գույքի ձեռքբերմանը և կառուցմանը, որովհետև նախագծի հիմնական նպատակը քաղաքաշինական կամ կառուցապատման առումով տարածքների համաչափ զարգացմանը նպաստելն է և շինարարությունը դեպի մարզեր ուղղորդելը: