Երևանն Անկարային խնդրել է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան
Երևանն Անկարային խնդրել է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Այս մասին Նյու-Յորքում կայացած ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում էՌիա Նովոստի-ն:
«Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը:
Նա հույս է հայտնել, որ աստիճանաբար կկարգավորվեն զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև, և երկու պետությունների միջև դժվարությունները հաղթահարելով՝ հնարավոր կլինի առաջ շարժվել։
«Երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են։ Ադրբեջանը ներկայումս զբաղված է այս ակնկալիքով և ջանքերով, և մենք նույնը տեսել ենք Հայաստանում։ Մենք հավատում ենք, որ խաղաղության և հանգստության մթնոլորտը, որը կառաջանա, կբխի բոլորի շահերից: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորությունների դուռ կբացի երկու երկրների համար», - նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հաջող ավարտն իր դրական ազդեցությունը կունենա նաև Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման վրա: