հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երեկվա գործողությունները սպասարկում էին Ադրբեջանի պետական շահերը և ոչ երբեք Հայաստանի․ Արթուր Հովհաննիսյան

Երեկվա գործողությունները սպասարկում էին Ադրբեջանի պետական շահերը և ոչ երբեք Հայաստանի․ Արթուր Հովհաննիսյան

«ՊՆ վերջին տեղեկատվության  համաձայն՝  այս պահին էական լարվածություն չկա,  և փառք մեր տղերքին, որ այս օրերին կանգնած են մեր սահմաններին  և ամուր են պահում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը։ Այժմ ժամանակն է լինել սառնասիրտ, զուսպ․ կարգապահ և կազմակերպված։ Բարդ է, բայց այլընտրանք չկա, որովհետև սահմանին տղերքը  կռվում են»,- ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Պատերազմական գործողություններն ուղեկցվում են ոչ միայն կրակոցներով, այլ նաև տեղեկատվական- հոգեբանական հարձակումներով։ Երեկ վարչապետի կողմից կարևոր արձանագրումներ արվեցին, դրանցից էր՝ որ չենք  քննարկել և չենք քննակրելու միջանցքի հարցը և ՀՀ սուվերենությունը մեզ համար բարձրագույն արժեք  է։ Վարչապետը խոսեց նաև խաղաղության մասին և այդ խաղաղությունը մեզ հեշտ չի տրվելու, ինչպես փորձը ցույց է տալիս, շրջապատված ենք այլ մոտեցում ունեցող մարդկանցով»,- նշեց Հովհաննիսյանը։  

«Երեկ այն նույն մարդիկ, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ  ասում էին՝ հողերը ծախված է,  նույն բանը փորձեցին կրկնել։ Մանիպուլացրեցին մի շատ պարզ միտք, որ հնչեց այս ամբիոնից և մեդիատեռորի միջոցով  խաբեցին մեր էմոցիոնալ, հայրենասեր ժողովրդի մի հատվածին, բերեցին Բաղրամյան պողոտա, նրանց հետ խառնեցին կազմակերպված խմբերի , քաղաքական անմեղսունակների, ծաղրածուների  արկածախնդիրների և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- ասաց ՔՊ պատգամավորը և հավելեց, որ   երեկվա իրադարձությունները չավարտվեցին ուժային մեթոդներով, այլ կանխվեցին  ժողովրդի իմաստությամբ։

«Երեկվա գործողությունները սպասարկում էին պետական շահ, բայց  Ադրբեջանի պետական շահերը և ոչ երբեք Հայաստանի»,-ընդգծեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ թշնամական երկրի պետական շահն են սպասարկում նաև ընդդիմադիր պատգամավորները․ «Բոլորս պետք է լինենք մեր խրամատում, այլ ոչ թե մանդատ ստացած այս քաղաքական անմեղսունակների, դավաճանների և հողատուների նման, որոնք լքել են իրենց քաղաքական խրամատը։ Այսօրվա ընդդիմությունը հավաքված է դավաճանների, հողատուների խմբից»,- ըստ Հովհաննիսյանի՝  ընդդիմության երեկվա գործողություների նպատակն էր սահմանին կանգնածներին բարոյալքելը,որպեսզի տանկերը պտտեն դեպի Երևան։ Նրանք պատրաստ էին ամեն ինչ անել, որ Սյունիքը տան, պատրաստ են ամեն ինչ տալ, որ գան իշխանության, հավելեց ՔՊ խմբակցության քարտուղարը։ 

  • Կիսվել: