հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երբ մենք պաշտպանում ենք մեր արժանապատվությունը, մենք ստիպված իջնում ենք իրենց մակարդակին. Սամսոնյանը՝ Մարուքյան-Միքայելյան միջադեպի մասին

Երբ մենք պաշտպանում ենք մեր արժանապատվությունը, մենք ստիպված իջնում ենք իրենց մակարդակին. Սամսոնյանը՝ Մարուքյան-Միքայելյան միջադեպի մասին

Այսօր Ազատության ուղիղ եթերում ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ Միքայելյան-Մարուքյան միջադեպին և դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակի համար ներողություն են խնդրել պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Սասուն Միքայելյանը, Ալեն Սիմոնյանը, ասաց. «Կներեք, ես չեմ հասկանում այն մարդկանց, որ նույն բանն են կրկնում և հետո ներողություն խնդրում: Ումի՞ց պետք է մենք ներողություն խնդրենք, այն մարդկանի՞ց, որ երկու տարի շարունակ ԱԺ ամբիոնից մեզ զրպարտել և վիրավորել են: Ներողությո՞ւն խնդրենք նրա համար, որ մենք ստիպված ենք եղել պաշտպանել մեր արժանապատվությունը»:

Նա նշեց, որ իր համար կարևոր է մարդու մշակույթը, և ոչ թե ամեն անգամ նույն բանն անելուց հետո ներողություն խնդրելը, որովհետև եթե մարդն ընդունի իր սխալը, հետևություններ կանի և դա չի կրկնի:

«Երբ մենք պաշտպանում ենք մեր արժանապատվությունը, մենք ստիպված իջնում ենք իրենց մակարդակին, բայց այլ կերպ չի լինում: Մենք պիտի պաշտպանվենք և նրանք մեզնից ներողություն պիտի խնդրեն այն բանի համար, որ մեզ զրպարտում են և չեն ներկայացնում ապացույցներ:

Զրպարտանքը լինում է գիտակցված և չգիտակցված, երբ դու դա անում ես չգիտակցված, կարող ես հետո ներողություն խնդրել, որ ապատեղեկատվություն ունեիր, բայց երբ անում ես գիտակցված, դա նշանակում է, որ դու զրպարտիչ ես: Օրինակ՝ մեզ կապում են ինչ-որ բանդաների, անձանց հետ և  մինչև այսօր չեն ներկայացնում որևէ ապացույց»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել ԼՀ-ական Էդմոն Մարուքյանի ու իմքայլական Սասուն Միքայելյանի միջև:

  • Կիսվել: