երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երբ կմտնենք իմպիչմենթի օրակարգի մեջ, այդ ժամանակ կքննարկենք նաեւ վարչապետի թեկնածուի հարցը. Սաղաթելյան

Երբ կմտնենք իմպիչմենթի օրակարգի մեջ, այդ ժամանակ կքննարկենք նաեւ վարչապետի թեկնածուի հարցը. Սաղաթելյան

Ես շարժման առաջին օրերից հայտարարել եմ, որ ես այս շարժման եւ զինվորն եմ, եւ առաջամարտիկն եմ, եւ պատասխանատուն եմ, եւ շարժման ելքի ու արդյունքների համար ունեմ եւ քաղաքական, եւ անձնական պատասխանատվություն: Այս մասին, այսօր Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ օգոստոսի 2-ից հետո «Դիմադրության» շարժումը որպես վարչապետի թեկնածու առաջ քաշի իր թեկնածությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Որեւէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ շարժման աշխատանքները համակարգել եմ ես, վերջնական որոշումներն ընդունելու պատասխանատվությունը դրված է եղել ինձ վրա: Այդ համաձայնությանը եկել ենք շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո:

Ինչ վերաբերում է հետագա պրոցեսներին՝ առաջնորդ, վարչապետի թեկնածու, մենք հենց առաջին օրվանից ասել ենք, որ այն մարդիկ, որոնք գալիս են եւ գալու են այս հրապարակ, չեն գալիս ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու համար:

Նիկոլ Փաշինյանին հեռացնելը շարունակում է մնալ մեր գլխավոր օրակարգը, բայց օգոստոսից հետո այդ գործիքակազմին ավելանում է եւս մեկը՝ պաշտոնանկության գործընթացը: Դրա համար պետք է երկու ուղղությամբ աշխատանք։

Առաջինը, պաշտոնանկության համար քաղաքական եւ իրավական հիմքերի ստեղծում,  որն առկա է, սրա հանրային, ժողովրդական պահանջի դրսեւորում, եւ երկրորդը, ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում:

Մենք այս գործընթացը կմեկնարկենք այն ժամանակ, երբ հաջողության հասնելու բավարար հիմքեր կլինեն: Այդ ժամանակ, օրենքն է նաեւ պահանջում, որ երբ գնում ես պաշտոնանկության գործընթացով, պարտավոր ես ներկայացնել ժողովրդի կողմից վստահություն վայելող թեկնածու: Երբ կմտնենք  այդ օրակարգի մեջ, այդ ժամանակ կքննարկենք նաեւ այդ հարցը: Այս պահին մեր մեջ վարչապետի թեկնածուի քննարկում տեղի չի ունեցել»:

  • Կիսվել: