հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երբ կա չիրացված բնակֆոնդ, անշարժ գույքի շուկան անկում է ապրում, և մարդը՝ տանը նստած, աղքատանում է․ Փաշինյանը՝ Բագրատյանին

Երբ կա չիրացված բնակֆոնդ, անշարժ գույքի շուկան անկում է ապրում, և մարդը՝ տանը նստած, աղքատանում է․ Փաշինյանը՝ Բագրատյանին

Երբ կա բնակավայր, որտեղ կան անտուն մարդիկ, և կան դատարկ տներ, որտեղ ինչ-ինչ պատճառներով չեն ապրում, կա չիրացված բնակֆոնդ, երբ կա շինարարություն, անշարժ գույքի շուկան անկում է ապրում, և մարդը՝ տանը նստած, աղքատանում է: Այս մասին իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց Փաշինյանին՝ խոսելով սոցիալական բնակարանաշինության մասին:

Նա նշեց՝ սոցիալական բնակարանաշինությունը գնման վկայագրերով պետք է չլինի, պետք է մարզերում շինարարություն սկսվի, ովքեր կարիք ունեն, նրանց վաճառեն, իսկ մնացած մասը պահել որպես սոցիալական բնակարանաշինության ֆոնդ: Այս կերպ, ըստ պատգամավորի, բազմահազար աշխատատեղեր կբացվեն:

ՀՀ վարչապետն արձագանքեց.

«Երբ հարցը տալիս էիք, ես հայացքով պարոն Գրիգորյանին էի փնտրում, քանի որ կռահում էի՝ եթե այդ որոշումը կայացրած լինեինք, ինքը հարց կտար, կասեր հետևյալը՝ դուք այդ տարածքում բնակարաններ եք կառուցում, ու քանի որ տարածքում շատ տներ կան, բնակարանների գներն ընկնում են: Երբ ասում եք՝ կստեղծվի աշխատատեղ, մի խումբ մարդկանց բարեկեցության հարցը կլուծենք, այդպիսով կստացվի, որ մի խումբ մարդկանց բարեկեցությունն էլ իջեցնում ենք»:

Փաշինյանը նշեց, որ այս փուլում որոշել են գնալ այդ ճանապարհով: Նա ընդգծեց՝ այս ընթացքում վարչապետի կարգավիճակում իր կուտակած փորձն ասում է, որ մի քայլանոց գործողությունները եթե օգուտ բերում են, շատ կարճաժամկետ է լինում, ուստի պետք է հնարավորինս բազմաքայլ օգտագործեն միջոցները, 10 դրամ ծախսելիս մի քանի գործողություն իրականացնեն, որ ծախսման արդյունավետությունն ավելի բարձր լինի:

  • Կիսվել: