չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են, այնտեղ մեր զավակներն են. Քոչարյան

Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են, այնտեղ մեր զավակներն են. Քոչարյան

«Այս ամիս լրացավ 44-օրյա պատերազմի 2 տարին։ Դրանից հետո մենք ապրեցինք կարճատև դաժան կռիվներ, որոնց համար էլի շատ թանկ վճարեցինք։  Եվ քանի որ  այսպիսի ցավոտ իրողությունները կարող են կրկնվել, որովհետև մենք ճանաչում ենք մեր դիմացը կանգնածին, անհրաժեշտ է ոտքի կանգնել ու նոր թափով  շարժվել առաջ»,- ԱԺ-ում այսօր իր ելույթի ընթացքում այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Պատգամավորի խոսքով՝ հիմա  առավել ևս  մեր հակառակորդն իր գործողություններով նպաստում է մեր  հավաքական անվտանգային  խնդիրների անհապաղ իրականացմանը։

«Պատերազմում փառքով ընկածներն ու ողջ մնացածները  մեզ հայրենասիրություն ու իսկական արժեքներ սովորեցրին, ամուր հող ստեղծեցին մեր հայրենիքի հեռանկարային ապագան կերտելու համար։ Այս պատերազմից հետո Եռաբլուրում թաղված մեր երկրի պահապան  հրեշտակների թիվն ավելացավ։ Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են, այնտեղ մեր զավակներն են, մեր բանակի  և մեր պետականության զինվորները»,- ընդգծեց Քոչարյանը։

«Մեր դարպասները սկսվում են սահմանից և Եռաբլուրից, դրա համար ոչ մեկի առջև չպետք է փակվեն Եռաբլուրի դռները, այդ պատճառով յուրաքանչյուրս  պարտք ունենք Եռաբլուրին վերադարձնելու։ Վիրավոր հայրենիքը բուժել է պետք՝  անվերապահ սիրով ու նվիրումով»,- նշեց պատգամավորը և հավելեց․ «Ցավը խորն է ու բոլորինս, սակայն պարտավոր ենք կրկին հառնել, տեր կանգնել մեր պետությանը, գոտեպնդվել, վերականգնվել»։

  • Կիսվել: