Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. փաստաբան
Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն: Այս մասին այսօր Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Սրբազանները հրավիրվել են ՔԿ՝ դատարանի հայտնի ակտը չկատարելու կամ կատարմանը խոչընդոտելու հանցակազմի կապակցությամբ, միանգամից մեղադրյալի կարգավիճակով։ Խոսքը Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու հետ կապված Գերագույն հոգևոր խորհրդի որոշմանն է վերաբերում։
Նպատակը Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է։ Սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի կարգավիճակով։ Սա էլ է եզակի բան։ Նշանակում է՝ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա։ Բնականաբար, կընտրվեն խափանման միջոցներ»:
Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի պաշտպան Վրեժ Խաչիկյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Բոլոր Սրբազաններին մեղադրում են այն բանում, որ 2026 թվականի հունվարի 27-ին, իբր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կարգալույծ են արել Արման Սարոյանին՝ այդ կերպ խոչընդոտելով տխրահռչակ դատական ակտի կատարմանը։ Մուշեղ Սրբազանը կարգալույծ անելու ծառայողական լիազորություն չունի, հետևաբար չի կարող կատարել այնպիսի գործողություն, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել։ Այդ պատճառով նա չի ընդունում մեղադրանքը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: ՛՛Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ:
Հիշեցնենք, որ դատական ակտը չկատարելու դեպքի առնչությամբ, այն է՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, կարգալույծ հռչակելը, Հայ առաքելական եկեղեցու դեմ Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել։
Հիշեցնենք նաև, որ ս․թ․ հունվարի 10-ին Գարեգին Բ կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռի դեմ՝ պահանջելով իրեն վերականգնել պաշտոնում։
Ապա հաղորդվեց, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը:
Հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնեցին, որ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել:



