ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդման ճանապարհին. ՀՀ փոխվարչապետ
Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակ և խորություն են ձեռք բերել: Այս մասին այսօր Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարևոր բաղադրիչներով, այդ թվում՝ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով: Դրա վառ ապացույցն է մեր գործընկերության նոր օրակարգի շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը:
Լիահույս եմ, որ մեր նոր օրակարգն այս տարի Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի հավանությանը կարժանանա: Վստահ եմ, որ այս գործընթացը կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առաջընթացին»,-նշեց նա՝ ընդգծելով, որ հետևողականորեն շարունակվելու են աշխատանքները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրագործման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը՝ որպես բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ-ի շարունակական աջակցությունը: ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին: Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին»,-ասաց ՀՀ փոխվարչապետը:


