հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. Բորել

ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. Բորել

Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Այս մասին Բրյուսելում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Մենք կուսումնասիրենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը»,- ​​ասել է Ժոզեպ Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ ԵՄ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»։

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանն ապակայունացնելու ցանկացած փորձի նկատմամբ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Եվ մեր ահազանգն Ադրբեջանին հստակ է. Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և կհանգեցնի մեր հարաբերությունների համար ծանր հետևանքների»,- ասել է նա։ «Կոչ ենք անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, որոնք մեկնարկել էին ԵՄ խորհրդի նախագահի հովանու ներքո: Ցանկանում ենք տեսնել կնքված խաղաղության պայմանագիր և կշարունակենք մեր միջնորդական ջանքերը»,- ասել է Բորելը: Նա նաև տեղեկացրել է, որ խորհուրդը որոշել է հաջորդ հանդիպմանը հրավիրել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Բարձր ներկայացուցիչը նաև նշել է, որ ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը որոշել է ուժեղացնել ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ տարածքում: «Մենք նաև հաստատեցինք մեր հանձնառությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, դիմակայունությանը և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը»,- հավելել է Բորելը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: