ԵՄ-ն հաստատում է իր հավատարմությունը՝ աջակցելու անվտանգ, կայուն և բարգավաճող Հարավային Կովկասին. հայտարարություն
Եվրամիությունը հաստատել է իր ՛՛կայուն հավատարմությունը՝ աջակցելու անվտանգ, կայուն և բարգավաճող Հարավային Կովկասին՛՛: Այս մասին ասված է Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստի արդյունքներով՝ Եվրամիության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Մասնավորապես՝ նշվում է. ՛՛ԵՄ-ն ընդգծել է կողմերին՝ Ադրբեջանին ու Հայաստանին աջակցելու իր հավատարմությունը՝ առաջ մղելու համապարփակ խաղաղության պայմանագիրը։ Բացի այդ, ԵՄ-ն կարևորել է դրական ու կառուցողական հրապարակային հռետորաբանության միջոցով երկու երկրների բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելը: ԵՄ-ն նաև ընդգծել է իր աջակցությունը հակամարտության հետևանքների վերացմանը, այդ թվում՝ ականազերծման և այլ չլուծված հումանիտար հարցերում օգնություն ցուցաբերելու միջոցով՛՛:
Հայտարարության մեջ նաև ասված է, որ ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցության հետագա ընդլայնմամբ, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի ու ՛՛Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին՛՛ համաձայնագրի կնքմամբ: