ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵՄ առաքելության մասին Ադրբեջանին տեղեկացրել ենք, բայց չենք համաձայնեցրել, քանի որ այն ՀՀ տարածքում է. Կլաար

ԵՄ առաքելության մասին Ադրբեջանին տեղեկացրել ենք, բայց չենք համաձայնեցրել, քանի որ այն ՀՀ տարածքում է. Կլաար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմի, առաջադրանքների և Ադրբեջանի հետ այդ առաքելության համաձայնեցմանը վերաբերող հարցերին:

«Նախ՝ առաքելության կազմի հետ կապված՝ չեմ կարող ասել, թե քանիսն են, կամ քանի անդամ երկիր է ներկայացված, քանի որ, անկեղծ ասած, առաքելությունը դեռ ամբողջական չէ, և կախված է նրանից, թե որ երկրներն են պատրաստ անձնակազմ ուղարկել: Յուրաքանչյուր երկիր վճարում է իր ուղարկած ներկայացուցչի համար: Այսպիսով, դա որոշում է, որը պետք է ընդունի յուրաքանչյուր անդամ պետություն: Կարող եմ ասել, որ, օրինակ՝ Վրաստանի առաքելությունում ներկայացված են գրեթե բոլոր անդամ երկրները։ Չգիտեմ՝ Հայաստանում դա ինչպես է, բայց, կարծում եմ՝ այդ թիվը բավական մեծ կլինի: Ես կզարմանամ, եթե այդ առաքելությունում  ներկայացված չլինի ԵՄ անդամ երկրների մեծ մասը։

Ինչ վերաբերում է Հայաստանում առաքելությանը, ապա մենք տեղեկացրել ենք Ադրբեջանի իշխանություններին, թափանցիկ ենք եղել։ Մենք այդ հարցով չենք համաձայնեցրել Ադրբեջանի իշխանությունների հետ, քանի որ առաքելությունը, ի վերջո, գտնվում է Հայաստանի տարածքում, բայց մենք բացարձակ թափանցիկ ենք եղել, թե ինչ ենք անում, որն է այս առաքելության նպատակն ու գործունեությունը:

Առաքելության նպատակը մենք տեսնում ենք վստահության ձևավորումն ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի և խաղաղ գործընթացին նպաստելու հարցում: Դա շատ կարևոր տարր է, քանի որ, մեր կարծիքով, առաքելության դերը խաղաղ գործընթացին աջակցելն է, այն այլընտրանք չէ, այն, իհարկե, փոխարինող չէ: Դա մի բան է, որը, մեր կարծիքով, պետք է ծառայի որպես խաղաղության գործընթացն արագացնող գործոն, ինչպես նաև օգնի հայերին, որոնք իրենց որոշ չափով անապահով են զգում, ավելի ակտիվորեն ներգրավվելու խաղաղ գործընթացում և աշխատելու լավ արդյունքների հասնելու համար: Այնպես որ, դա է նպատակը, որ մենք ունենք այս առաքելության համար, և, կրկնեմ, ոչ թե Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ, այլ Ադրբեջանի իշխանությունների հետ լիակատար թափանցիկությամբ»,- նշել է Կլաարը։

  • Կիսվել: