հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քոչարյանը համաձայնվել է Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու Վեհափառի մասնակցությամբ երկրորդ հանդիպմանը մասնակցել

Քոչարյանը համաձայնվել է Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու Վեհափառի մասնակցությամբ երկրորդ հանդիպմանը մասնակցել

Պետականության բացակայության պայմաններում դրա գործառույթը հարյուրամյակներ շարունակ կատարել է եկեղեցին, այսօր մենք եկեղեցուն առաջարկում ենք կանխիչ միջոցներ ձեռնարկել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա եկեղեցուն առաջարկել է հանձն առնել որոշակի գործառույթ ընթացիկ գործընթացներում։ «Դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, չի համարվի եկեղեցու ներգրավում քաղաքականության մեջ, այլ կդառնա Հայրենիքի փրկությանն ուղղված քայլ»,- ավելացրել է Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը ենթադրում է, որ կլինի Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: 

«Վեհափառն ինձ հետ կապվեց, ես ասացի, որ պատրաստ եմ այդ հանդիպմանը: Թե երբ կլինի, դժվարանում եմ ասել: Տվյալ դեպքում՝ Վեհափառն այդ հանդիպումը կազմակերպելու պատասխանատվությունը վերցրել է իր վրա»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Նախորդ հանդիպումից Ռոբերտ Քոչարյանը փակագծեր չբացեց, նշելով միայն, որ համաձայնության եկել են իրավիճակի գնահատման հարցում, իրավիճակից ելքեր փնտրելու հարցում ՝ ոչ:

Հիշեցնենք, որ հարցը կապված է նախկին նախագահների հետ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնած հանդիպման հետ՝ ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղիների որոնման համար։

  • Կիսվել: