ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:
 
 
 
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
 
Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
 
Պարոն Ֆիլիպ Ռիքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
 
Հարություն Մարությանը հյուրին նվիրել է 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված հայկական կոտորածներին և Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր՝ The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times։
 

  • Կիսվել: