երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԵԱՀԿ գրասենյակը անվտանգության համար պատասխանատու չէ. ստորագրելով այս դրույթը՝ հայ լրագրողները մեկնել են Ադրբեջան

ԵԱՀԿ գրասենյակը անվտանգության համար պատասխանատու չէ. ստորագրելով այս դրույթը՝ հայ լրագրողները մեկնել են Ադրբեջան

«… ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պատասխանատվություն չի կրում մասնակիցների անվտանգության համար։ Անվտանգությունն ապահովելու են կողմերը…»։ Ստորագրելով սույն դրույթը պարունակող կանոնակարգի տակ՝ նոյեմբերի 17-ին հայաստանցի և արցախցի լրագրողները փոխանակման այցով մեկնել եմ Ադրբեջան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում «Այցելություն Ադրբեջան» վերտառությամբ արված գրառման մեջ նշել է Արցախի հանրային հեռուստատեսության մեկնաբան Էդգար Էլբակյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Էլբակյանը նշել է նաև, որ ինքը ներկայացնում էր արցախյան կողմը՝ որպես Արցախի հանրային հեռուստատեսության հեռուստամեկնաբան, իսկ իր և իր գործընկերների՝ Դավիթ Ալավերդյանի (Mediamax) ու Արտյոմ Երկանյանի (Shant)  «անվտանգությունը հոգալու էր մի երկիր, որի հետ հայկական պետություններն ունեն տասնամյակներ շարունակվող անվտանգային հակամարտություն»։

Նա նաև գրել է, որ ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ ՀՀ, ԱՀ և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ՝ հիմքում ունենալով դեռ 2019 թ․ մարտին ՀՀ և ԱՀ ղեկավարների ձեռք բերած համաձայնությունը։

Էլբակյանը գրել է. «Այցելության ընթացքում եղանք Բաքվում, Ղուբայում և Գանձակում (Գյանջա), հանդիպեցինք մամուլի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, եղանք ամենատարբեր դիտարժան և ուշագրավ վայրերում։ Խիստ տպավորիչ էր վերադարձի ճանապարհը՝ Բաքվից գնացքով դեպի Գանձակ, իսկ այնտեղից՝ մեքենայով Ղազախով դեպի վրացական սահման․ թե՛ ուղևորության այս հատվածը, թե՛ առհասարակ ամբողջ քառօրյակը հետազոտական և քննական տեսանկյուններից ահռելի նյութ են տվել՝ ինչպես մարդաբանական-ազգագրական, այնպես էլ սոսկ ճանաչողական առումով։ Մոտակա օրերին հանդես կգամ ավելի մանրամասն մամուլի հրապարակումներով՝ անդրադառնալով այցի մանրամասներին»:

Նա հավելել է նաև, որ իր տեղադրած լուսանկարում «Բաքվի հին քաղաքում (İçəri şəhər)՝ հայտնի «Աղջկա բերդ» աշտարակն է (12-րդ դար)»։

«Հ․Գ․ Հավատացնում եմ ձեզ՝ հայոց պետությունը տեղ ու գոյության հեռանկար չէր ունենա տարածաշրջանային քարտեզի վրա, եթե մենք տանուլ տայինք 1990-ականների պատերազմը։ Խիստ դրական, արդյունավետ ու ջերմ մթնոլորտում անցած մեր ուղևորությունը մի վերջնական անգամ համոզեց ինձ դրանում»,- եզրափակել է Էլբակյանը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: