հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ձեռք է բերվել շուրջ 100 հազար թեստ, լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք․ վարչապետ

Ձեռք է բերվել շուրջ 100 հազար թեստ, լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք․ վարչապետ

Հայաստանի Հանրապետությանը նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը 100 փաստը ներկայացնելիս հայտնեց, որ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը 119 բժշկական կազմակերպության ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով:

«Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100 հազար թեստ և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։ Մասնավորապես՝ Հայաստանին կմատակարարվի լրացուցիչ թոքերի արհեստական օդափոխության 70 սարք (այս պահին 100-ն ունենք): Նախատեսվում է հավելյալ ձեռք բերել շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել է շարժական և էլեկտրոնային ռենտգեն և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։ Հայաստանում ստեղծվել են պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը և իրականացնել արտահանում: Նույնը վերաբերում է ալկոգելերի արտադրությանը:

«Կառավարություն-համայնք-քաղհասարակություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերին, ինչպես նաև ցուցումով ինքնամեկուսացվածներին անվճար տրամադրվել է ավելի քան 50 հազար սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ միջինում 13 հազար դրամ արժողությամբ»,- ասաց Փաշինյանը։

Կորոնավիրուսով պայմանավորված՝  բուժհաստատությունները հիմնականում  պլանային վիրահատություններ չեն իրականացնում և  իրականացնում են միայն անհրաժեշտ անհետաձգելի  վիրահատություններ: Վարչապետն ասաց, որ այդ պատճառով  պետպատվերից նրանց ակնկալվող գումարները  չէին ստացվելու, և  որոշել են, որ այդ կանխավճարները համամասնորեն տան  հիվանդանոցներին՝ ֆինանսական խնդիրներ չունենալու համար: 

  • Կիսվել: